Երևանի քաղաքապետին ցանկանում են պաշտոնանկ անել․ ինչպիսին է ընթացակարգը

hayk marutyan

Անի Գրիգորյան

Երևանի ավագանու անդամները քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու գործընթաց են սկսել։ Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը ՍիվիլՆեթին հաստատեց, որ նման գործընթաց է սկսվել՝ նշելով, որ արդեն 38 ստորագրություն է հավաքվել։

Քաղաքապետին պաշտոնանկ անելու գործընթացի պատճառ չի նշվում։ Հայկ Մարությանը 2021-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ չի միացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին և Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։

Անվստահություն հայտնելու գործընթացը

Ըստ Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 9-րդ գլխի, որում ներկայացվում է քաղաքապետին անվտահություն հայտնելու գործընթացը, ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ:

Երևանի ավագանին ունի 65 անդամ, որից 54-ը՝ «Իմ քայլը» դաշինքից են, 5-ը՝ «Բարգավաճ Հայաստանից», 3-ը «Լույս» դաշինքից, 3-ը ի սկզբանե եղել են «Իմ քայլում», սակայն այնուհետև դուրս են եկել։

Ըստ 126-րդ հոդվածի՝ որոշման նախագծում նշվում է ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու։ Այն պետք է ստորագրեն նախաձեռնող խմբի բոլոր անդամները:

Որոշման նախագիծը ներկայացնելուց հետո` երրորդ աշխատանքային օրը` ժամը 10։00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը: Քվեարկությունն անցկացվում է գաղտնի` քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագծով առաջադրված թեկնածուն։

Քաղաքապետին անվստահություն է հայտնվում, եթե առաջադրված թեկնածուն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Գործող քաղաքապետը վայր է դնում իր լիազորությունները, իսկ նորընտիր քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է մեկշաբաթյա ժամկետում՝ օրենքով սահմանված կարգով:

Ինչու է իշխող ուժը դժգոհ Մարությանից

Արմեն Կոտոլյանից հետաքրքրվեցինք, թե ում են նախատեսում առաջադրել Հայկ Մարությանի փոխարեն։ Նա հրաժարվեց պատասխանել։ Կոտոլյանը նաև նշեց, որ ինքը չի հավակնում և ցանկություն չունի ստանձնելու քաղաքապետի պաշտոնը։

Վերջին երկու տարիներին բազմիցս գրվել է, որ Երևանի քաղաքապետ Մարությանը «շուտով հրաժարական է տալու»։

Այս տարվա հունիսին արդեն բաց տեքստով «Քաղաքացիական պայմանագրից» դժգոհել էին Հայկ Մարությանից, «Ազատության» եթերում վարչապետի այն ժամանակվա գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը դժգոհել էր, որ թիմակից քաղաքապետը նախընտրական պայքարի ընթացքում չի աջակցել իրենց։ Հարությունյանն ակնարկել էր, որ իշխող ուժում հնարավոր է` դիտարկեն Մարությանի պաշտոնավարման նպատակահարմարությունը։

Կիրակի վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը «Հայկ Մարությանին հեղափոխությունից շեղած գենելարները» վերնագրով հոդված էր հրապարակել՝ թիրախավորելով Մարությանին և նշելով, թե վերջինս պատերազմից հետո հանդիպել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ ««Չեզոք» քաղաքական դիրքավորում որդեգրած Հայկ Մարությանին ուզում են ներքաշել «լուրջ խաղի մեջ» և նրա առաջնորդությամբ ուժեղ հարվածներ հասցնել գործող իշխանությանը»,- գրել էր «Հայկական ժամանակը»։

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը և «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը հերքեցին Մարությանի և Քոչարյանի հանդիպման մասին տեղեկությունը։ Infocom.am-ը «Հայկական ժամանակի» գտավ փաստական սխալներ։

Հայկ Մարությանը 2018-ի հեղափոխության ժամանակ միացավ Նիկոլ Փաշինյանին և փողոցում ցույցեր անող հազարավոր մարդկանց։ Ամիսներ անց արդեն Մարությանը գլխավորեց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը»-ի ցուցակը։ Նախընտրական քարոզարշավը Մարությանն ու Փաշինյանը անում էին միասին, և Մարությանն ի վերջո դարձավ քաղաքապետ։

Մարությանը 2018-ի հունիսին դարձել էր ՔՊ անդամ, սակայն օրեր առաջ հայտնի դարձավ, որ 2020-ի նոյեմբերից հետո դուրս է եկել կուսակցությունից։

Մեկնաբանել