Գագիկ Բեգլարյանն անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով

Տրանսպորտի և կապի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ու նրա ընտանիքն անցում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Այս մասին ՍիվիլՆեթը տեղեկանում է «Ազդարար» հրապարակային ծանուցումների հարթակից:

«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ՀՀ գլխավոր դատախազությունը ծանուցել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր»,- ասված է ծանուցագրում։

Գագիկ Բեգլարյանն իրավունք ունի ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր: