Լեռնային Ղարաբաղը երբեք չի դիտարկվել որպես զուտ հայկական միավորում․ Նիկոլ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի բանակցային ամբողջ գործընթացի արդյունքում երբեք ու ոչ մի անգամ չի վիճարկվել Արցախում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը․ այս մասին առցանց ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը երբեք ու ոչ մի անգամ բանակցային գործընթացում չի դիտարկվել որպես զուտ ու միայն հայկական միավորում»։ Ըստ նրա՝ հայկական կողմը բանակցություններում ընդունել է այս իրողությունը։ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, որ 2016-ի բանակցությունների մեջ տեղի է ունեցել «աղետ»․ ներկայացվել է առաջարկությունների երեք փաթեթ, որտեղ 2011-ից ի վեր առաջին անգամ չի ներառվել նախադասություն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը ստանալու է միջանկյալ կարգավիճակ։