Երևանի քաղաքապետը և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» գլխավոր տնօրենը քննարկել են կանաչ տարածքների ընդլայնման շուրջ համագործակցությունը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդունել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» բանկի գործող գլխավոր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև բանկի ապագա գլխավոր տնօրեն Թիզ Քլեմենցը:

Ներկայացնելով քաղաքապետարանի կողմից քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը՝ քաղաքապետը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով, որ այս մասով առկա է նաև փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը:

«Մասնավոր կառույցների հետ արդյունավետ համագործակցության օրինակներ մենք արդեն ունենք և ողջունում ենք բոլոր այն կազմակերպություններին, որոնք շահագրգիռ և հետաքրքրված են համատեղ ծրագրերի իրականացման հարցում: Մեր լիազորությունների շրջանակում մենք միշտ աջակցում ենք մեր գործընկերներին, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ Երևանի քաղաքապետարանը վստահելի գործընկեր է ու պատրաստակամ է կյանքի կոչել մայրաքաղաքն առավել հարմարավետ և բարետես դարձնելու ցանկացած լավ առաջարկ»,- ասել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Ասթրիդ Քլիֆորդը նշել է, որ բանկը շահագրգռված է քաղաքապետարանի հետ շրջակա միջավայրի պահպանության ու կանաչ տարածքների ընդլայնման ծրագրերի շուրջ համագործակցության հարցում:

Հատկանշելով, որ քաղաքապետարանի կողմից այսօր լայնածավալ աշխատանքներ են տարվում այգիների, պուրակների և բակային տարածքների բարեկարգման, կանաչապատման, ինչպես նաև կանաչ տարածքների ընդլայնման ու դրանց մշտական խնամքի ապահովման ուղղությամբ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը բազմակողմանի կքննարկի բոլոր առաջարկներն ու կներկայացնի հնարավոր համագործակցության ամբողջական փաթեթ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել