Սերդար Քըլըչը ՀայաստանՈՒՄ ներկայացուցիչ չի՛ նշանակվել․ լրատվամիջոցները սխալ են թարգմանել

Անի Գրիգորյան

«Մեդիամաքս» գործակալությունը հունվարի 12-ին «Սերդար Քըլըչի պաշտոնի ձևակերպումը դժվար թե պատահական լինի» վերնագրով հոդված է հրապարակել։ Դրանում անդրադարձ է կատարվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրին՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ նշանակված Սերդար Քըլըչի վերաբերյալ, և ուշադրությունը հրավիրվում է հատկապես Քըլըչի պաշտոնին։

«Սակայն Էրդողանի հրամանագրում Սերդար Քըլըչի պաշտոնը ձևակերպված է այսպես. «Հայաստանի Հանրապետությունում Թուրքական Հանրապետության հատուկ ներկայացուցիչ»»,- նշված է հոդվածում։

Հրամանագիրը ստորագրվել է հունվարի 10-ին, Թուրքիայի պաշտոնական տեղեկագրում հրապարակվել է հունվարի 11-ին։ Դրանում, մասնավորապես, ասվում է. «Նախագահի հրամանի 4-րդ և 161-րդ հոդվածների համաձայն՝ արտակարգ և լիազոր դեսպան Սերդար Քըլըչը նշանակվել է Հայաստանի Հանրապետության հետ Թուրքիայի Հանրապետության հատուկ ներկայացուցիչ»։

Թեև հրամանագրի տեքստում «Nezdinde» բառը Google Translate-ը թարգմանում է «Մեդիամաքսի» նշած ձևով, սակայն այն նշանակում է «կողքին» կամ «հետ»։ Փաստացիորեն տեքստը որևէ սենսացիա չի պարունակում։

Քըլըչին՝ «Հայաստանում հատուկ ներկայացուցիչ» նշանակելու մասին հոդվածներ են հրապարակել նաև News.am-ը, 24news.am-ը, բայց պակաս սենսացիոն վերնագրերով։ «Մեդիամաքսի» հոդվածը վերատպել է Times.am-ը։

Դեռևս 2021թ. դեկտեմբերի 13-ին պաշտոնական Անկարան հայտարարել էր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին, որը ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Սերդար Քըլըչն է։ Հայաստանի կողմից Թուրքիայի հետ կբանակցի ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Նրանց առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին` Մոսկվայում։

#CivilNetCheck

Մեկնաբանել