Աշխատանքի շուկայի ակտիվությունը 2021-ին կրկնապատկվել է

2021-ին աշխատանքի շուկայի ակտիվությունը կրկնապատկվել է, աշխատակիցների ամենամեծ պահանջարկը եղել է ծրագրավորման և սպասարկման ոլորտներում։ Այս մասին տեղեկանում ենք աշխատանքի փնտրման Staff.am հարթակի զեկույցից, որն ամփոփել է 2021-ին աշխատանքի շուկայում առկա զարգացումները։

Ըստ զեկույցի՝ Staff.am կայքում աշխատանքի հայտարարությունները կայուն աճ են գրանցում, և 2020-ի համեմատ անցյալ տարի հայտարարությունները աճել են 7 632-ով։ Ըստ համալրման ծավալների՝ ամենաակտիվ գործատուներն են եղել Softconstruct, Kindda, Digitain, Picsart ծրագրավորման ընկերությունները և մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Աթենք» ընկերությունը։ Բոլոր աշխատանքների 94,4 տոկոսը եղել է Երևանում, մյուս քաղաքը, որտեղ եղել են մեծ թվով հայտարարություններ, Գյումրին է։ Ուսումնասիրության համաձայն՝ հայտարարված աշխատանքների 92,5 տոկոսը եղել է հիմնական աշխատանք։

«2021-ի ընթացքում բոլոր աշխատանքների 1%-ը հեռահար է»,- նշված է ուսումնասիրությունում։ Ծրագրավորման ոլորտի հեռավար աշխատանքի միջին աշխատավարձը եղել է 1,119 մլն դրամ, որակի կառավարման ոլորտի հեռավար աշխատանքի միջին աշխատավարձը՝ 720 000 դրամ։ Հեռավար աշխատանքի ամենաշատ հայտարարությունները տեղադրվել են Միացյալ Նահանգներից և Ուկրաինայից։

Ըստ կանխատեսման՝ 2022-ին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աճը կշարունակվի, ընկերությունների միջև մրցակցությունը կսրվի, ինչը կբերի աշխատավարձերի աճի։ «Ավանդական» ոլորտներից հոսքը դեպի ՏՏ, ըստ կանխատեսման, կշարունակվի։