Թուրքիայի հետ գործընթացը կախված է նրա անկեղծությունից և կառուցողականությունից․ Ռուբինյան

Հայաստանի իշխանությունը ցանկանում է, որ Թուրքիայի հետ սահմանը բաց լինի․ հունվարի 18-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ Նա հայտնեց, որ հունվարի 14-ին Թուրքիայի ներկայացուցչի հետ առաջին հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։

«Փորձ է արվել քննարկել, այսպես ասած, «ոչ սուր անկյուններ» առաջացնող, այլ դրական հարցերը։ Թե ինչ կլինի հետո՝ կախված է Թուրքիայի կառուցողականության աստիճանից։ Այս պահի դրությամբ այն, ինչ եղել է, գնահատում եմ նորմալ, առաջին հանդիպումը գնահատում եմ կառուցողական։ Գործընթացի հետագա ընթացքը կախված է Թուրքիայի պատրաստակամությունից, անկեղծությունից և կառուցողականությունից»,- շեշտեց Ռուբինյանը։

Ռուբինյանը նաև անդրադարձավ քննադատությանը, որ ԱԺ փոխխոսնակի կարգավիճակում նրա ու ընդդիմության վեճերը կարող են բացասաբար ազդել Թուրքիայի հետ բանակցությունների հատուկ ներկայացուցչի իր հեղինակության վրա։

«Որոշակի բարդություններ առաջացնում է այս ամենը, այն կարող էր չլինել, եթե մեր ընդդիմությունը մնար կոռեկտության սահմաններում ու բովանդակային քննարկեր հարցը։ Այդուհանդերձ, ամենօրյա ռեժիմով հանրային գործունեությամբ զբաղվելու փաստն ունի դրական կողմ. լրագրողներն ու ընդդիմադիր գործընկերներն ունեն հնարավորություն՝ ինձ ավելի հաճախ հարցեր տալու»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։

Ըստ Ռուբինյանի՝ հայկական կողմի ցանկությունն է հնարավորինս արագ ներգրավվել բովանդակային քննարկումներում, ինչն առաջին հերթին ենթադրում է Թուրքիայի հետ սահմանների բացում ու դիվանագիտական հարաբերությունների հաստատում։

Խոսելով Ցեղասպանության ճանաչման հարցի մասին՝ Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի ներկայացուցիչն ընդգծեց՝ «Ցեղասպանության ճանաչումը Հայաստանի որևէ իշխանության օրոք չի եղել հայկական կողմից առաջադրված՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման նախապայման»։

Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մոսկվայում՝ հունվարի 14-ին, որից հետո Հայաստանի ԱԳՆ-ն նշեց, որ Թուրքիայի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում։