Նիկոլ Փաշինյանը՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի, «Հետք»-ի հրապարակման, նախագահի հնարավոր թեկնածուի մասին

Պետք է գնանք այնպիսի լուծումների, որ նախագահի, կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև լինի քաղաքական ներդաշնակություն։ Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, կայացած ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո «Քաղաքացիական պայմանագրի» կողմից թեկնածու առաջադրելու հարցին։

Փաշինյանը նշեց, որ նախագահի հրաժարականի մասին իմացել է դրա հրապարակայնացումից 3:30 ժամ առաջ, հենց Արմեն Սարգսյանից․ «Նա զանգահարել է ինձ և մենք խոսել ենք այդ մասին։ Նա ինձ հետ ոչ թե քննարկել է որոշումը, այլ տեղեկացրել է դրա մասին, ինքը կայացրել է որոշում։ Այս համատեքստում չպետք է ասեմ ինչն է բավարար, ինչը բավարար չէ»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ իր և Արմեն Սարգսյանի դիրքորոշումները Սահմանադրության հետ կապված «էականորեն է տարբերվել են», բայց 2018-ից՝ նախագահ ընտրվելուց հետո «կանոնների փոփոխություն տեղի չի ունեցել»։

«Հրաժարականների դրդապատճառների մասին կան որոշակի բացատրություններ, ես ինքս էլ այդ բացատրություններն ընդամենը ընդունում եմ ի գիտություն և պատեհ չեմ համարում, որ ես մեկնաբանեմ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է «Հետք»-ի հրապարակմանը, որ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել իր՝ այլ երկրի քաղաքացիության բացահայտումից հետո, Փաշինյանը նշեց․ «Ինձ տեղեկացրել են հրապարկման մասին, բայց չեմ հասցրել մանրամասն ծանոթանալ»։ Վարչապետը «քիչ հավանական, գրեթե անհնար է համարում», որ 2018-ին նախագահ ընտրվելիս Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի չի եղել։

«Եթե այդտեղ կա որևէ փաստ, որին Հայաստանի պետական որևէ մարմին պետք է արձագանքի, կարծում եմ՝ այդ մարմինները պետք է զբաղվեն դրանով»,- ասաց նա։

ՔՊ-ի կողմից նախագահի պաշտոնի հավանական թեկնածուի հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը ասաց, որ իշխող քաղաքական ուժն այս պահին որոշում չունի։

«Մենք նախկինում այդ թեմայով քննարկում չենք ունեցել, և հիմա հասկանալի է այդ թեման լրջորեն պետք է քննարկենք։ Քննարկումների արդյունքում որոշումներ կայացնելիս պետք է նաև առաջնորդվենք վերջին 4 տարվա պատմության փորձով։ Կարծում եմ՝ մենք պետք է գնանք այնպիսի լուծումների, որ նախագահի, կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև լինի քաղաքական ներդաշնակություն»,- նշեց վարչապետը։