Դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանվորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորոդությունը:

Բախշիյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ, այն է՝ ակնհայտ ապօրինի կալանավորելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Ըստ մեղադրանքի՝ դատավորն ահնհայտ ապօրինի կալանավորել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով անցնող ամբաստանյալին՝ Նվեր Մկրտչյանին, ով Փարամազյանի դեմ ցուցմունք տված անձն է:

Հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էին երկու միջնորդություններ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։ Բարձրագույն դատական խորհուրդը թույլ էր տվել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել, ինչպես նաև ազատությունից զրկելու համաձայնություն էր տվել:

Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու գործընթացը համընկել է դատավորի կայացրած աղմկահարույց մի որոշման հետ․ հունվարի 22-ին Բախշիյանը որոշել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխել՝ նշանակելով 2 մլն դրամ գրավ և ստորագրությունը չհեռանալու մասին: Աշոտ Մինասյանը մինչ այս անցնում էր վարչապետի մահափորձի գործով, սակայն սակայն շուրջ մեկ տարի տևող նախաքննությունից հետո գործը կարճվեց։ Ներկայում նրան մեղադրանք է առաջադրվել զենք-զինամթերք պահելու համար:

Մեկնաբանել