Ադրբեջանը վերադարձրել է 8 հայ ռազմագերիների, հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք»,- գրել է նա։
Վահան Հունանյանը հրապարակել է նաև Հայաստան վերադարձած գերիների անունները․
Տարզյան Սարգիս
Բալայան Վարդգես
Պետրոսյան Արմեն
Բաբայան Արթուր
Սարգսյան Հմայակ
Գալոյան Գուրգեն
Կյուրեղյան Գրիգոր
Մալոյան Վաղարշակ
Ադրբեջանից վերադարձած գերիների թիվը, փետրվարի 7-ի դրությամբ՝ հասավ 147-ի, նրանց թվում են և՛ զինծառայողներ, և՛ քաղաքացիական անձինք։
***
Փետրվարի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը։
«Կողմերը մտքեր են փոխանակել առկա հումանիտար խնդիրների լուծման, երկու երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, ՀՀ-ԱՀ [Ադրբեջանի Հանրապետություն – ՍիվիլՆեթ] սահամանագոտում լարվածության նվազեցման և սահմանազատման, Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների ելումուտի, ինչպես նաև հարցերի լայն շրջանակի վերաբերյալ»,- նշված էր ՀՀ վարչապետի գրասենյակի հաղորդագրությունում։