Հայաստանը Ադրբեջանին ավտոճանապարհների ապաշրջափակման առաջարկներ է փոխանցել․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է արձանագրվեն ստորագրված փաստաթղթով։ Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին։

«Մենք պիտի Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները արձանագրենք, տրանսպորտային ապաշրջափակման հետ կապված պայմանավորվածությունները երկկողմ կամ եռակողմ ձևաչափով պիտի թղթային արձանագրվեն։ Սա կարևոր նյուանս է, ու մենք պայմանավորվել ենք, որ երկաթուղին պիտի գործի միջազգային կանոններին համապատասխան, երկու երկրների օրենսդրության ու սուվերենության շրջանակներում»,- հայտարարեց Փաշինյանը՝ ավելացնելով, որ սահմանային կետերում պետք է իրականացվի սահմանային ու մաքսային հսկողություն։ Կառուցվելիք երկաթուղու չափորոշիչները, ըստ Փաշինյանի, պիտի համաձայնեցվեն Ադրբեջանի հետ։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ավտոճանապարհների ապաշրջափակման հետ կապված Հայաստանը առաջարկների փաթեթ է փոխանցել Ադրբեջանին, ինչպես նաև Ռուսաստանին ու միջազգային գործընկերներին։ «Ադրբեջանի կողմից դրական արձագանք ստանալուն պես պատրաստ ենք իրագործել ավտոտրանսպորտային երթուղիների վերականգնման ու կառուցման գործը ավտոճանապարհների մասով»,- ասաց Փաշինյանը։ Նա հույս հայտնեց, որ երկաթուղու ու ավտոճանապարհների ապաշրջափակումը շրջադարձային կետ կարող է լինել Հայաստանի տնտեսության համար։

Մեկնաբանել