Քոչարյանի և Փաշինյանի պնդումների հետքերով. ի՞նչ էր նախատեսվում Ստամբուլյան փաստաթղթում

Հայկ Հովհաննիսյան

#CivilNetCheck

Հայաստանի երկրորդ նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ 1999-ին Ստամբուլում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովին իր ստորագրած փաստաթղթին և հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումները, թե դրանով Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, կեղծ են։

Քոչարյանը նշեց, որ փաստաթղթում Ղարաբաղյան հարցի կարգավորման պարբերության մեջ ոչինչ չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին՝ ի տարբերության հետխորհրդային տարածքներում այլ հակամարտությունների վերաբերյալ պարբերությունների, որտեղ այդ սկզբունքն ընդգծվում էր։

«Մոլոդվայում, Վրաստանում, Ռուսաստանում՝ Չեչնիայի հարցը․․․ Բոլոր կոնֆլիկտների վերաբերյալ այդ փաստաթղթի մեջ գրված է՝ մենք հարգում ենք, վերահաստատում ենք, […] ևս մեկ անգամ պնդում ենք այդ երկրների տարածքային ամբողջականությունը, և որ հարցը պետք է կարգավորվի այդ երկրների տարածքային ամբողջականության շրջանականերում։ [․․․] Եվ միայն Ղարաբաղի հարցի կարգավորման պարբերության մեջ չկա ոչինչ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին»,- ասաց Քոչարյանը։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ CivilNetCheck-ն ուսումնասիրեց Ստամբուլյան փաստաթուղթը՝ պարզելով, թե ինչ է այնտեղ ասվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։

Իշխանության մեղադրանքները Քոչարյանին


Փաշինյանը նախորդ տարվա հունիսի 5-ին՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ անդրադարձել էր 1999-ին Քոչարյանի ստորագրած Ստամբուլյան փաստաթղթին և, մասամբ մեջբերելով փաստաթղթի 19-րդ հոդվածը, պնդել, թե հռչակագիրը արձանագրում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը Ադրբեջանի կազմում։

Նիկոլ Փաշինյանը՝ Ստամբուլյան փաստաթղթի մասին

«Սա նշանակում է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է պաշտպանվեն, բայց նրանք մնան այդ գոյություն ունեցող պետության կազմում: Գոյություն ունեցող պետությունն Ադրբեջանն է»,- ասել էր Փաշինյանը։

Հետագայում այս առիթով Փաշինյանը մեղադրել էր Քոչարյանին Թուրքիայի գործակալ լինելու մեջ և վերահաստատել իր տեսակետը փաստաթղթի վերաբերյալ։

«Եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք սովորական լեզվի, այնտեղ գրված է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է լուծվել գոյություն ունեցող պետության՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Բա եթե Թուրքիայի գործակալ չլիներ, ինչի պիտի կողմ քվեարկեր»,- պնդել էր Փաշինյանը։

Ավելի ուշ, Ազգային ժողովում նմանատիպ հայտարարություն էր արել ներկայում Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը և պնդել, թե Քոչարյանի՝ այդ փաստաթղթի ստորագրմամբ Արցախը ճանաչվել է Ադրբեջանի կազմի մեջ։

Փաշինյանը և Քոչարյանը խոսում են նույն փաստաղթի տարբեր մասերի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռոբերտ Քոչարյանն իրենց ելույթներում հղում են անում փաստաթղթի տարբեր հատվածների։ Այսպես, Փաշինյանը մեջբերել է յոթ գլխից բաղկացած Ստամբուլյան փաստաթղթի առաջին մասի՝ «Եվրոպական անվտանգության խարտիայի» 19-րդ կետը։ Այն էլ դրա մի մասը՝ համատեքստից (կոնտեքստից) կտրված։

Լուսանկարը՝ ԵԱՀԿ Ստամբուլի գագաթնաժողովից, 1999 թ.

Ծավալուն այս հոդվածով ԵԱՀԿ-ն իր հայեցակարգում վերահաստատում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հարգանքի կարևորությունը, ինչպես նաև պարտավորվում պայքարել անհանդուրժողականության, ագրեսիվ ազգայնականության, ռասիզմի, շովինիզմի, այլատյացության և հակասեմականության դրսևորումների դեմ։

Բացի այդ, հոդվածն անդրադառնում է նաև պետությունների ներսում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը՝ այն գնահատելով որպես ժողովրդավարության, խաղաղության և արդարության կարևոր գործոն։

«Մարդու իրավունքների, ներառյալ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների նկատմամբ լիարժեք հարգանքը, բացի ինքնին նպատակ լինելուց, կարող է ոչ թե խաթարել, այլ ամրապնդել տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Ինքնավարության տարբեր հայեցակարգերը, ինչպես նաև վերոհիշյալ փաստաթղթում նշված այլ մոտեցումներ, որոնք համապատասխանում են ԵԱՀԿ սկզբունքներին, ազգային փոքրամասնությունների էթնիկ, լեզվական և կրոնական ինքնության պահպանության և խթանման միջոցներ են գոյություն ունեցող պետության ներսում»,- ասվում է հոդվածում և նաև նշվում, որ ազգային փոքրամասնությունների վերաբերող հարցերը բավարար կերպով կարող են լուծվել միայն օրենքի գերակայության վրա հիմնված ժողովրդավարական քաղաքական շրջանակներում:

Արձանագրենք, որ հոդվածը վերաբերում է մարդու հիմնարար իրավունքներին և գոյություն ունեցող պետություններում փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, իսկ Ղարաբաղյան խնդրի և հակամարտության մասին որևԷ առանձին խոսք չկա։ Փաստացի՝ «դիվանագիտական լեզվից» Փաշինյանի կամայական թարգմանությունը համատեքստից կտրված է և մոլորեցնող։

Հատկանշական է, որ իշխանամետ civic.am կայքը 2021-ի նոյեմբերին վերահրապարակել է Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի 2010 թվականի հոդվածը, որտեղ նույն թեզերով կրկին Քոչարյանին մեղադրում էին Ստամբուլյան փաստաթուղթը ստորագրելու համար։

Ստամբուլի հռչակագրում ԼՂ խնդրի մասով Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին խոսք չկա

Քոչարյանը, հերքելով Փաշինյանի և Սիմոնյանի մեղադրանքները, իր հերթին մեջբերել է փաստաթղթի մյուս մասի՝ «Ստամբուլի գագաթնաժողովի հռչակագրի» կետերը։

Ստամբուլյան գագաթնաժողովի հռչակագրում ավելի հստակ անդրադարձ կա հետխորհրդային տարածքում երկրների միջև տարածքային վեճերին և հակամարտություններին։ Դրանցով ԵԱՀԿ-ն իր դիրքորոշումն է հայտնում Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության (Սերբիա և Չեռնոգորիա) (4-րդ կետ), Բոսնիա և Հերցեգովինայի (6-րդ կետ), Վրաստանի (15-րդ կետ), Մոլդովայի (18-րդ կետ) և Ռուսաստանի Դաշնության (23-րդ կետ) տարածքներում կոնֆլիկտների մասին և մատնանշում դրանց հանգուցալուծուման գործընթացում ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները։

Օրինակ՝ ԵԱՀԿ-ն ընգծում է Հարավային Օսիայի և Աբխազիայի ու Վրաստանի միջև հակամարտության կարգավորումը հենց վերջինիս կազմում։

Հռչակագրի 20-րդ կետով անդրադարձ է կատարվում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, որտեղ, սակայն, որևէ խոսք չկա տարածքային ամբողջականության սկզբունքի մասին։

«Մենք ստացել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված զարգացող իրավիճակի և վերջին զարգացումների վերաբերյալ, և դրական ենք գնահատում նրանց ջանքերը։ Մեզ հատկապես ուրախացնում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ակտիվացված երկխոսությունը, որոնց պարբերական հանդիպումները պայմաններ են ստեղծել այս խնդրի տևական և համապարփակ լուծման որոնմանը թափ հաղորդելու համար։ Մենք վճռականորեն աջակցում ենք այս երկխոսությանը և կոչ ենք անում շարունակել այն՝ հուսալով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները կվերսկսվեն։ Միևնույն ժամանակ, մենք վերահաստատում ենք, որ ԵԱՀԿ-ն և նրա Մինսկի խումբը, որը մնում է կարգավորման ձգտման ամենահարմար ձևաչափը, պատրաստ են աջակցել խաղաղ գործընթացի հետագա առաջխաղացմանը և դրա հետագա իրականացմանը, այդ թվում՝ տրամադրելով բոլոր անհրաժեշտ օգնությունը կողմերին»,- գրված է հռչակագրի հոդվածում։

Այսպիսով Ռոբերտ Քոչարյանի պնդումը, որ Ստամբուլյան փաստաթղթում Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող պարբերությունում, ի տարբերություն հետխորհդային տարածքում այլ կոնֆլիկտների, չի մատնաշվում տարածքային ամբողջականության սկզբունքը, ճիշտ է։