Ակտիվների ապասառեցում և ուրանի հարստացման նվազեցում․ մանրամասներ՝ Իրանի հետ բանակցություններից

Գեորգի Միրզաբեկյան

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում շարունակվում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական շրջափուլը։ Բանակցություններին անմիջականորեն մասնակցում են Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրամիության բանագնացը: Թեպետ միջազգային և իրանական մամուլում խոսում են կողմերի միջև հնարավոր համաձայնության ձեռքբերման մասին, սակայն Թեհրանից անընդհատ հնչում են Արևմուտքին ուղղված կոչեր՝ անհրաժեշտ քաղաքական կամք դրսևորելու և դրա միջոցով առկա խնդիրները հաղթահարելու մասին:

Փետրվարի 17-ին Reuters գործակալությունը, հղում անելով Վիեննայի բանակցություններում ներգրավված իր աղբյուրներին, հայտնել է, որ սեղանին դրված է մոտ 20-էջանոց փաստաթուղթ․ այն նախատեսում է առաջին փուլում սահմանափակել Իրանում ուրանի հարստացումը մինչև 5 տոկոս:

Գործակալության տեղեկություններով՝ առաջին փուլում նախատեսվում է նաև Հարավային Կորեայի բանկերում իրանական 7 միլիարդ դոլարի ֆոնդերի ապասառեցման գործընթաց, որի դիմաց իրանական կողմը պետք է ազատ արձակի արևմտյան բանտարկյալներին: Միայն նախնական այդ պարտավորությունների կատարումից հետո կքննարկվի քայլերի հետագա հաջորդականությունը, որի մասին նույնպես դեռ չկա հստակ սահմանված օրակարգ:

Իրանական աղբյուրները նշում են, որ ամերիկյան կողմը միջուկային գործարքի շուրջ համաձայնություն ձեռք բերելու հարցում անհրաժեշտ քաղաքական որոշում չի կայացնում և գործընթացը ձգձգելով՝ փորձում է դրանում մեղադրել Իրանին:

Այնուամենայնիվ, իրանական լրատվական գործակալությունները, դարձյալ աղբյուրներին հղումով, գրում են, որ բանակցություններում էական առաջընթաց կա: Իրանական աղբյուրների տեղեկություններով՝ Միացյալ Նահանգներում այնքան էլ միանշանակ չեն ընդունում Իրանի հետ հնարավոր համաձայնությունը, քանի որ ներքաղաքական դաշտում կա լուրջ դիմադրություն, այդ թվում՝ Դեմոկրատական կուսակցության ներսում:

Բանակցությունների հիմնական նպատակներից է Իրանի միջուկային ծրագիրը 2015 թվականի վիճակին վերադարձնելը, երբ Իրանը, Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան Լոզանում ստորագրեցին շրջանակային համաձայնագիրը։ Այն ենթադրում էր Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման դիմաց այդ երկրի միջուկային գործունեության սահմանափակում, քանի որ Արևմուտքը մտավախություններ ունի, որ հակառակ պարագայում Թեհրանը կարող է ժամանակ շահելու միջոցով հասնել միջուկային զենքի ստեղծման: Արևմուտքը պատրաստ էր նաև անդրադառնալ այն գործոններին, որոնց պատճառով տուժել է իրանական նավթի վաճառքը:

Արևմտյան կողմն այսօր պնդում է, որ Իրանը խախտել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, և միջուկային գործարքից Միացյալ Նահանգների դուրս գալուց (2018թ.) ու Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուց հետո Թեհրանը մեծացրել է ուրանի հարստացումը՝ 3,67 տոկոսից հասցնելով 60 տոկոսի:

Իրանը չի ընդունում արևմտյան կողմի՝ միջուկային զենք ստեղծելու վերաբերյալ մեղադրանքները։ Ավելին՝ իրանական կողմը հավաստիացնում է, որ ուրանի հարստացումը միտված է քաղաքացիական կարիքներին՝ ծառայելով միջուկային էներգիայի խաղաղ օգտագործմանը: Իրանը պնդում է, որ աշխարհը սկսում է ավելի շատ ապավինել միջուկային էներգիային, և եթե ինքը այդ ուղղությամբ չկատարի համապատասխան քայլեր, ապա իր քաղաքացիները դժվարությունների կբախվեն:

Մեկնաբանել