Պուտինը Փաշինյանին հրավիրել է Մոսկվա

Փետրվարի 21-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև:

«Երկու երկրների ղեկավարները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Ռուսաստանի Դաշնության նախագահը Հայաստանի վարչապետին հրավիրել է գարնանը պաշտոնական այցով մեկնել Մոսկվա: Հայաստանի վարչապետն իր հերթին Վլադիմիր Պուտինին հրավիրել է Հայաստան:

Զրուցակիցները քննարկել են նաև ռուս-ուկրաինական հարաբերություններում հաստատված իրավիճակը, տարածաշրջանային անվտանգության հարցեր»,- ասված է վարչապետի կայքում հրապարակված հաղորդագրությունում:

Այսօր՝ ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մոսկովյան այցի ընթացքում, որը մեկնարկել է փետրվարի 21-ին, կնքվելու է Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր։ Ալիև-Պուտին հանդիպման ընթացքում, ըստ Կրեմլի կայքի, քննարկվելու է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրագործումը։

Նիկոլ Փաշինյանի վերջին այցը Մոսկվա կայացել է 2021 թվականի հոկտեմբերին։

Մեկնաբանել