Աշխարհի տարբեր երկրների հետազոտողները կուսումնասիրեն Ղարաբաղի ապագային առնչվող հարցերը

Հարավային Կալիֆորնիայի համալասարանի Հայագիտության ինստիտուտը ընտրել է ութ երկրից քսաներեք դիմորդի, որոնք կմասնակցեն 2022 թվականի ՂԱՐԱԲԱՂԻ ԱՊԱԳԱՆ խորագրով հետազոտական աշխատանքներին։

Հայագիտության ինստիտուտը ավելի քան 90,000 ԱՄՆ դոլարի ֆինանսավորում կտրամադրի հարավկովկասյան երկրների հարաբերությունների ապագայի և Ղարաբաղի (Արցախի) հետպատերազմյան կարգավիճակի վերաբերյալ հրատապ հարցերն ուսումնասիրող հետազոտողներին։ Ավելի քան վաթսուն դիմորդներ տասնհինգ երկրից ներկայացրել էին առաջարկներ՝ հետազոտական աշխատանքների բաց մրցույթի (research call) հայտարարությանն ի պատասխան:

2020 թվականի պատերազմը նոր մարտահրավերներ ստեղծեց և սրեց տարածաշրջանային երկրների հարաբերությունների ապագային ու Ղարաբաղի կարգավիճակին վերաբերող անպատասխան հարցերը։ Այս նոր հետազոտության նպատակն է ուսումնասիրել այն հարցերը, որոնք վճռորոշ են Ղարաբաղի գոյության և զարգացման տեսանկյունից:

Թեմաները, որոնք հետազոտողները կուսումնասիրեն հաջորդ տարվա ընթացքում, ներառում են՝ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության արդյունավետությունը, Արցախում առողջապահական կարիքների գնահատումը, պատերազմից հետո տարածաշրջանային էներգետիկ անվտանգությունը, 2020 թվականի պատերազմի ազդեցությունը Ղարաբաղում ձեռնարկատիրական գործունեության վրա, կամավորականների նախապատրաստումը (կազմակերպումը), մշակութային ժառանգությունը, մեդիա կողմնակալությունը, ծանր հիշողությունների ազդեցությունը և Ղարաբաղը իրանական լրատվամիջոցներում։

Գիտնականների այս բազմազան խումբը Հայաստանից, ԱՄՆ-ից, Ադրբեջանից, Ֆրանսիայից, Թուրքիայից, Ռուսաստանից, Վրաստանից և Կանադայից է:

«Այսօր, երբ հայերը Հայաստանում և Ղարաբաղում շարունակում են առերեսվել մարդասիրական աղետի և անորոշ ապագայի շեմին են, այս թեմաների վերաբերյալ ճշգրիտ և համապատասխան հետազոտություններն առանցքային են ոչ միայն տեղի ունեցածը հասկանալու, այլ նաև բարեփոխումների և քաղաքականության մշակման առումով, որոնք անհրաժեշտ են տարածաշրջանի ապագայի նոր ուղի ձևավորելու համար»,- նշեց USC հայագիտության ինստիտուտի ծրագրերի վարիչ Սյուզաննա Պետրոսյանը։

Ինստիտուտն արդեն չորրորդ անգամ է ֆինանսավորում է խոշոր հետազոտական ծրագրեր։ 2016 թվականին «Հետազոտական աջակցություն Լեռնային Ղարաբաղին և տարածաշրջանին» ծրագիրը ֆինանսավորել է տասնչորս միջազգային գիտնականների, որոնք մեկնել էին Ղարաբաղ՝ դաշտային աշխատանքներ իրականացնելու։ 2017 թվականին ինստիտուտը ֆինանսավորել է ևս քսանչորս գիտնականների, որպեսզի նրանք ուսումնասիրեն Հայաստանի հետխորհրդային անցումը տարբեր դիտանկյուններով՝ ներառյալ սոցիալական շարժումները, տնտեսությունը, ռեգիոնալիզմը, կինոն և մշակույթը։

2017 թվականին «Անցումային շրջանի ավարտ. Խորհրդային Միության փլուզումից 25 տարի անց» խորագրով ծրագիրը ավարտվեց երկու խոշոր համաժողովներով Լոս Անջելեսում և Երևանում։ 2019 թվականին «Ժողովրդավարական ճեղքումից մինչև Հայաստանում համախմբման մարտահրավերներ» հետազոտական ծրագիրը ֆինանսավորել է քսաներեք հետազոտող ինը երկրից։ Ի աջակցություն վերոհիշյալ հետազոտությունների՝ ինստիտուտը երեք տարվա ընթացքում ընդհանուր առմամբ տրամադրել է 230,000 ԱՄՆ դոլար։

Մեկնաբանել