Տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը

Այսօր՝ փետրվարի 24-ին, Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

«Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են, որ բանակցությունների վերջնական նպատակը Հայաստանի ու Թուրքիայի միջև լիարժեք կարգավորումն է, ինչպես պայմանավորվել էին Մոսկվայում իրենց առաջին հանդիպման ընթացքում: Նրանք մտքեր են փոխանակել այդ կապակցությամբ համատեղ հնարավոր կոնկրետ քայլեր ձեռնարկելու շուրջ և վերահաստատել իրենց համաձայնությունը՝ գործընթացը շարունակելու առանց նախապայմանների»,- ասված է արտգործնախարարության հաղորդագրությունում։

Հունվարի 14-ին Մոսկվայում կայացել էր Հայաստանի ու Թուրքիայի բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը։ Հայաստանի ԱԳՆ-ն նշել էր, որ Թուրքիայի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում։