Երբ լռեն թնդանոթները, հարկ է վերհիշել բառերի իրական ուժի մասին

Մարտի 8-ին կանանց միջազգային օրն էր: Թնդանոթների համազարկի տակ խոսելու ցանկություն չկար: Բայց այսօր ուզում եմ խոսել բառի ուժի մասին, որի նկատմամբ իշխողները թերահավատություն են ներշնչում ամբողջ կյանքի ընթացքում, բայց այդ նույն բառով էլ հաջողությամբ ստանում մեր հնազանդ համաձայնությունը:

«Մենք ձեզ սովորեցնում ենք առաջնորդ դառնալ»: «Եվ ես հավատացի [այդ խոսքերին] ու դարձա [առաջնորդ]», խոստովանում է Աննա Կազանջյան Լոնգոբարդոն Կոլումբիայի համալսարանի ճարտարագիտության դպրոցի անցյալի ուսումնասիրության շրջանակում իրականացված հարցազրույցի ժամանակ: Լոնգոբարդոն ասում է, որ այս բառերը լսել է Կոլումբիայի համալսարանի ճարտարագիտության դպրոցի իր դասախոսներից մեկից:

Մանկական տարիները հիշելով՝ Լոնգոբարդոն խոստովանում է, որ վաղ տարիքում արտառոց հետաքրքրություններ չի ունեցել՝ շարժիչներ չի քանդել ու հավաքել: Պահպանողական ընտանիքից էր, պատմում է, որ գիտեր կարել, ձեռագործ ու այլ նման բաներ անել: Տանը իրենից սպասում էին, որ պիտի լավ սովորի և ինչպես ինքն է խոստովանում, մշտապես իրեն ուղեկցել են ընտանիքի անդամների այն խոսքերը, որ ինքն իսկապես առանձնահատուկ է:

Հավանաբար ժամանակն է մի քիչ խոսել այս առանձնահատուկ կնոջ՝ առաջնորդի մասին: Ինչպես Կոլումբիայի համալսարանն է նշում իր կայքում, Կազանջյան Լոնգոբարդոյի՝ կյանքից հեռանալուց հետո նա շատ առումներով առաջինն էր՝ առաջամարտիկ: Առաջինն էր, ով ավարտեց համալսարանի ճարտարագիտական դպրոցը 1949 թվականին, ապա 1952 թվականին նույն դպրոցից ստացավ մագիստրոսի կոչումը: Համալսարան էր մտել Բարնարդ քոլեջի միջոցով: Այս հանգամանքը շատ կարևոր է, որպեսզի ընթերցողը հասկանա պատմական կոնտեքստը: Այդ քոլեջը համալսարանի կանանց ուսումնառության համար նախատեսված մասնավոր դպրոց էր, որը հիմանդրվել էր 1889 թվականին համալսարանի կողմից կանանց մուտքը մերժելու արդյունքում: Հիշեցնեմ նաև, որ Բովուարի «Երկրորդ սեռը» քննախոսությունը լույս տեսավ 1949 թվականին, իսկ անգլերեն թարգմանվեց 1953 թվականին:

Համալսարանում ուսումնառության տարիներին Աննա Կազանջյան Լոնգոբարդոն հիմնադրել էր կին ճարտարագետների ընկերակցությունը: Հետագայում ղեկավարել ճարտարագետ շրջանավարտների ասոցիացիան, ապա՝ համալսարանի շրջանավարտների ֆեդերացիան, ինչպես նաև ստանձնել Կոլումբիայի ճարտարագիտական խորհրդի նախագահությունը: Այս բոլոր դերերում հանդիսացել է ԱՄՆ պատմության մեջ առաջին կին առաջնորդը:

Իր մասնագիտական գործունեության ընթացքում ակնառու ներդրում է ունեցել սուզանավերի նավիգացիոն ճշգրտությունը մեծացնելու, ավիացիոն և տիեզերական համակարգերի նավիգացիոն համակարգերը մշակելու գործում: Ծառայել է որպես ռազմաօդային ուժերի ծրագրերի ղեկավար՝ ներգրավված լինելով ճառագայթադիմացկուն համակարգիչների մշակման աշխատանքներում: Բալիստիկ համակարգերի թռիչքի համար մշակված իր ուղեցույցները 1959 թվականին ՆԱՍԱ-ի կողմից օգտագործվել են արբանյակներ արձակելու համար:

Իսկապես առաջնորդին վայել ակնառու կյանքի մասին ենք խոսում: Հավատաց ու դարձավ:

Հետ նայելով իր կյանքին՝ Կազանջյան Լոնգոբարդոն անկեղծորեն նշում է, որ չի հիշում որևէ դեպք, երբ իր ընդունակությունների նկատմամբ որևէ ուսուցիչ թերահավատություն ցուցաբերած լիներ: Չի հիշում որևէ դեպք, երբ իրեն ուղղորդած լինեն դեպի բուժքրոջ կամ քարտուղարուհու մասնագիտությունները: Սրանք այդ ժամանակի համար կնոջ համար ընդունելի զբաղմունքներ էին: Հիշում է, թե ինչպես է մշտապես համոզված եղել, որ կարող է դառնալ այն, ինչ կամենա: Հիշում է իր ճարտարագետ քեռուն, որը համոզված էր՝ կանայք կարող են և պիտի առաջադիմեն: Հիշում է, թե ինչպես էր այդ քեռին իրեն խրախուսում:

Հիշում է նաև, որ ավագ դպրոցում լինելով լավագույնը՝ չի ստացել մաթեմատիկայի մրցանակը, որովհետև տղա չէր: Ավելին, առաջին 14 հորիզոնականում աղջիկներ էին ու դպրոցը ստիպված է եղել բաց թողնել 14-ին և մաթեմատիկայի մրցանակը տալ 15-րդ հորիզոնականը զբաղեցնող տղային: Հիշում է, թե որքան ազդված էր տղան այդ անարդարությունից, որ անգամ չէր ուզում վերցնել մրցանակը: Հետաքրքիր է, որ իր հուշերում այդ ամենը նշում է հպանցիկ ու իրեն ներհատուկ թեթևությամբ: Ընդհանրապես, զրնգուն ու վարակիչ ծիծաղ ունի:

Համալսարանում հիշում է, թե ինչպես էր ամեն երրորդ ուսանողը դուրս մնում ճարտարագիտական դպրոցից, որովհետև ծրագիրը թե դժվար էր, թե՝ հաճախ անհետաքրքիր: Կոլումբիայում հայտնվել է ինչ-որ իմաստով ոչ կոնվենցիոնալ ճանապարհով՝ այն պարզ պատճառով, որ կին է եղել, բայց գոնե առկա նյութերից կամ հարցազրույցից այս բոլոր կառուցվածքային խոչընդոտները կարծես ազդեցություն չեն գործել: Փոխարենը, լսողի, իր մասին նյութերի հետ ծանոթացողի մոտ տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ ու նրանց ոգևորող խոսքերը առանցքային են եղել՝ հավանաբար անգամ ճակատագրական ազդեցություն են ունեցել: Տանը, դպրոցում, ապա համալսարանում իրենից մշտապես սպասել են ավելին, հավատացել իր ուժերին ու ներշնչել, որ առաջնորդ է: «Եվ ես հավատացի ու դարձա» այս խոսքերը նշանային են՝ որոշիչ:

Արդեն գիտականորեն հայտնի է, թե ինչպես է ճանաչողությանը զուգահեռ գործուն ազդեցություն ունենում զգացականությունը: Մասնավորապես, առարկայից առաջադիմելու գործում առարկայի նկատմամբ նախատրամադրվածությունը ուղղակի կապված է այդ զգայության հետ: Իսկ զգայությունը մեծապես պայմանավորված է նաև բառերով, թե ինչպես ենք նկարագրում ու ինչ ենք զգում այս կամ այն առարկան կամ իրադարձությունը նկարագրելիս: Ուսուցիչները հաճախ երեխայի գնահատականներով պայմանավորված՝ որոշակի բացասական զգացողություններ են որդեգրում, որոնք փակ շղթայի տրամաբանությամբ է՛լ ավելի են հեռացնում սովորողին տվյալ առարկայի նկատմամբ հետաքրքրությունից: Դժվար չէ պատկերացնել, որ թերահավատ ու իրենց ուսանողներից սպասումներ չունեցող ուսուցիչները կարող են առանց անգամ դրա մասին իմանալու Լոնգոբարդոյի նման շատերին հնարավորություն չտալ հասնելու իրենց երազանքներին՝ հավատալ ու դառնալ:

***

Մարտի 7-ին Հաագայի դատարանում լսվում էր Ուկրաինայի հայցադիմումը հնարավոր ցեղասպանության կապակցությամբ միջանկյալ միջոցներ կիրառելու համար: Դրանից առաջ նույն դատարանը քննում էր Հայաստանի հայցադիմումն ընդդեմ Ադրբեջանի ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի ներքո միջանկյալ միջոցներ կիրառելու համար: Բառերի նկատմամբ սերմանվող զանգվածային թեթևամտությունն ու իշխող էլիտաների կողմից դրանց թիրախային ու միտումնավոր բացասական, ապահումանացնող մեթոդիկ կիրառությունը ինչ-որ իմաստով ոգևորող ծնողների ու ուսուցիչների բառերի զորակցող լիցքի ու նշանակության հակառակ գործառույթն ունեն, և դա լայնորեն քննարկված է փիլիսոփաների, կոնֆլիկտաբանների ու այլ հարակից գիտություններով զբաղվողների կողմից: Այս դեպքում փորձում են հավատացնել դիմացինի մարդ չլինելու մեջ:

Մենք հասանք այն կետին, երբ մուսաները լռում են: Երբ լռեն թնդանոթները, հարկ է վերհիշել բառերի իրական ուժի մասին ու մարդկանց մղել խաղաղ սխրանքների ու առաջնորդության: Հավատանք ու դառնանք:

Մեկնաբանել