Նիկոլ Փաշինյանի սխալ պնդումները գազի գնի վերաբերյալ

Հայկ Հովհաննիսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մարտի 3-ի նիստին անդրադարձավ ապրիլի 1-ից բնական գազի թանկացմանը, ներկայացրեց դրա պատճառներն ու հիմնավորումները՝ պնդելով, որ 2021-ին գազի կալորիականությունն աճել է։

«Դեռևս նախորդ տարվանից ՀՀ մատակարարվող գազի կալորիականությունը փոխվել է, այսինքն՝ ավելացել է։ Եվ, ըստ էության, ՀՀ-ում նախորդ մեկ տարվա ընթացքում սպառված նույն խմ գազի դիմաց ավելի մեծ կալորիա է ստացվել, և ջերմատվությունն ավելացել է»,- հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ ջերմատվությունը մինչ այս հաշվարկվել է միայն ջերմաէլեկտրակայանների համար։

ՍիվիլՆեթը որոշեց ստուգել վարչապետ Փաշինյանի այս և այլ հայտարարությունները՝ պարզելու համար՝ պարզելու, թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը։

Գազի կալորիականության չնչին աճը՝ տեղեկատվական առիթ

Փաշինյանի պնդումը նախորդ տարի գազի կալորիականության աճի մասին, փաստացի, ճիշտ է, սակայն դա եղել է շատ չնչին։

Այսպես, ըստ «Գազպրոմ Արմենիա»-ի կայքում հրապարակված տվյալների՝ 2021-ին գազի կալորիականություն տարեկան միջինացված ցուցանիշը 2020-ի համեմատ աճել է ընդամենը մոտ 1 տոկոսով՝ խորանարդ մետրում 8 346 կկալ-ից դառնալով 8 451 կկալ։

Loading...

Loading…

Իսկ արդեն 2022-ի հունվար և փետրվար, ինչպես նաև դրան նախորդող երկու ամիսներին գազի կալորիականությունը իջել է։ Նման պատկեր արձանագրվել էր նաև նույն ժամանակաշրջանում նախորդ տարիներին։

Loading...

Loading…

Հայաստանում գազից օգտվող անապահով ընտանիքների թիվը 100 000 չէ

Փաշինյանն իր ելույթում հայտնեց, թե գազի գինը չի հաշվարկվելու շուրջ 100 000 անապահով ընտանիքների համար։

«Միևնույն ժամանակ, շուրջ 100 000 անապահով ընտանիքների համար չի հաշվարկվում և, գումարած, մենք գիտեք, որ որոշակի փոխհատուցում ենք տալիս նաև սահմանամերձ գյուղերի բնակիչներին»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ եղածը ճիշտ համատեքստում պետք է ներկայացվի, որպեսզի քաղաքացիները ճիշտ գնահատեն, թե ինչ է տեղի ունենում։

Ըստ «Գազպրոմ Արմենիա»-ից ստացված տվյալների՝ Հայաստանում գազի բաժանորդների թիվը ներկայում կազմում է 736 883 մարդ (գազի ծախս ունեցողներինը՝ 639 611), իսկ սոցիալապես անապահով ընտանիք համարվող բնակիչ-բաժանորդների թվաքանակը՝ 66 826 (9,1%)։

ՀԾԿՀ-ից CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ անապահով ընտանիք համարվող բաժանորդների տարեկան սպառման ծավալը 2021-ին կազմել է ընդհանուր սպառման 1,6%-ը և բնակչության կողմից սպառման 4,5%-ը։

Ջերմաէլեկտրակայանների համար կալորիականություն չի հաշվարկվել

Փաշինյանի՝ նախկինում ջերմաէլեկտրակայանների համար կալորիականություն հաշվարկելու մասին պնդումը, որը հենց ինքը կասկածի տակ էր դրել, ևս սխալ է։

«Այս հաշվարկը մենք այս ընթացքում արել ենք, եթե չեմ սխալվում, միայն ջերմաէլեկտրակայանների հետ կապված, որոնց նկատմամբ որոշակի հաշվարկներ արել ենք, բայց մյուս քաղաքացիների նկատմամբ այդ հաշվարկը չի արվել»,- ասել էր Փաշինյանը։

Գազի գնի մեջ կալորիականության հաշվարկի մեխանիզմն ամրագրված է 2013- Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված համաձայնագրով, ըստ որի՝ այն պետք է գործեր 2017-ի հունվարի 1-ից։ Սակայն այդ մեխանիմզը երբևէ չի գործել, այդ թվում ջերմաէլեկտրակայանների համար։

Վերջին տարիներին գազի գինը ջերմաէլեկտրակայանների համար խորանարդ մետրի համար եղել է 122-130 դրամ՝ կախված դոլարի ամսական փոխարժեքից։ Այս մասին փաստում է տարեսկզբին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ գազի սակագների վերանայման մասին հայտարարությունը, որում նշված է, թե՛ հին սակագինը, թե՛ առաջարկվող նորը։

Հատված «Գազպրոմ Արմենիա»-ի գազի գնի վերանայման հայտից

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից CivilNetCheck-ին հայտնեցին, որ գազի կալորիականությունը գնի մեջ հաշվարկելու մեխանիզմը մտցվել է միայն այս տարվա ապրիլի 1-ին ընդունված փոփոխությունների արդյունքում։ Հաջորդ յուրաքանչյուր տարվա համար գազի գինը կհաշվարկվի դրան նախորդող տարվա ընթացքում գրանցված կալորիականության միջինացված ցուցանիշը հաշվի առնելով։

Այպիսով, կարող ենք փաստել, որ Փաշինյանի արած մի շարք պնդումներ չեն համապատասխանում իրականությանը։

Մեկնաբանել