Ինչ անել Արցախի նկատմամբ ոտնձգությունները կանխելու համար․ Էրիկ Հակոբյանի դիտարկումները

ստեփանակերտ ձմեռ

ՍիվիլՆեթի քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանն իր հերթական հաղորդմանն անդրադառնում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սադրանքներին, հայկական կողմից դրա արձագանքներին կամ դրանց բացակայությանը։

Երեկ (մարտի 17) տեղեկացանք, որ «Մարտի 8-ից ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ՝ ադրբեջանական կողմն այսօր սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները»։

Կառավարությանը

Սկսենք երկրի վարչապետից։ Թեմայի առնչությամբ ընդհուպ մինչև երեկ նա արել է հետևյալ միակ հայտարարությունը․

«Վերջին օրերին մենք հատկապես Արցախում իրադրության որոշակի լարում ունենք, ինչը ընդգծվում է նաև Արցախին բնական գազ մատակարարող խողովակաշարի խափանմամբ։ Այս պահին ես զերծ կմնամ հավելյալ որևէ այլ գնահատական տալուց, քանի որ մենք աշխատում ենք արցախի իշխանություննորի և միջազգային գործընկերների հետ իրադրությունը կարգավորելու ու կայունացնելու ուղղությամբ։ Այսինքն այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այդպիսի իրավիճակ, և փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ»։

Մեղմ ասած՝ սա բավարար չէ։ Իհարկե, նման հարցերի շուրջ բանակցությունները զգայուն են և տեղի են ունենում փակ դռների ետևում, բայց սա չի նշանակում, որ չպետք է համախմբեիր երկրի, պետության ու հանրության ռեսուրսը՝ թեթևացնելու հարյուր հազարավոր հայերի բեռը, որոնք սառում են Արցախում։ Որտե՞ղ էր հանրությանն ուղղված քո ելույթը՝ տեղեկացնելու մեզ, թե ինչ է կատարվում, և ինչ քայլեր եք ձեռնարկում հարցի լուծման ուղղությամբ։ Բացի այդ, բաց թողեցիք հրաշալի այս հնարավորությունը՝ միավորելու երկիրը և համախմբելու ջանքերը մեկ նպատակի շուրջ։

Ընդդիմությանը

Անցնենք ընդդիմությանը՝ դո՞ւք ինչու չեք ձեր գործն անում․ ձեզ ընձեռվել էր հրաշալի հնարավորություն՝ նեղը գցելու և ամոթանք տալու կառավարությանը։ Կարող էիք տարբեր ձևերով դա անել՝ բազմաթիվ մեքենաներով Արցախ ուղարկել գազի բալոններ, որն ամոթանք կլիներ այս կառավարությանը։ Հիշեցնեմ, որ օրը 75 անգամ տեղից «դավաճան» գոռալով քաղաքական օրակարգ չեն կազմում։

Եկեղեցուն

Անցնենք եկեղեցուն՝ որտե՞ղ էիք դուք անցած երկու շաբաթներին։ Ինչպես Աստվածաշնչից Մաթևոս (25) է ասում՝ «Ճշմարիտ եմ ասում ձեզ՝ քանի որ իմ այս փոքր եղբայրներից մէկին արեցիք այդ՝ ի՛նձ համար արեցիք»:

Ուստի՝ հարցս, անցած երկու շաբաթ ի՞նչ եք արել Արցախի մեր փոքր եղբայրների համար։

Սփյուռքին

Անցնենք Սփյուռքի մեր ընկերներին։ Ձեր հեռախոսի ու համակարգիչների վրա «Artsakh Strong» կպչունիկներ (սթիքեր) փակցնելով՝ Արցախում ոչինչ չի փոխվի։ Էականը համարձակ քայլերն են, իսկ մենք մեծամասամբ լռություն տեսանք։

Անցնենք Սփյուռքի կազմակերպություններին․ անուններ չեմ նշի, դուք գիտեք՝ ում եմ ասում։ Դու՞ք ինչ էիք անում Արցախի ժողովրդի ցավն ու տառապանքը մեղմացնելու համար։

Անցնենք Հայաստանի ներսում քաղաքացիական հանրությանը։ Ինչպես գիտեք՝ այն բավական ակնհայտ է, ամեն օր ականատես ենք լինում այս կամ այն հարցի շուրջ ցույցերի՝ լուրջ կամ հիմար հարցերով։ Մարդիկ կարող են մի վայրկյանում համախմբվել ու փակել ճանապարհը՝ ներկայացնելու իրենց պահաջները, ինչը հրաշալի է։

Սակայն այս անգամ ականատես չեղանք քաղհասարակության և ոչ մի համախմբման, մեքնենաների շարանի, որոնք դեպի Արցախ կգնային պարենով ու անհրաժեշտ այլ պարագաներով բեռնված։ Գիտեմ առանձին անհատների, որոնք այդպես արել են, սակայն հիմնականում լռություն էր տիրում։

Արցախի կառավարությանը

Իմանալով ձեր հարևանին, ինչո՞ւ էիք այդքան վստահ, որ նման բան տեղի չէր ունենա։ Ի՞նչ քայլեր եք նախապես ձեռնարկել՝ նման խնդրի առաջ հանկարծակի չհայտնվելու համար։ Ինչպես գիտենք, բնական գազը հնարավոր է տեղափոխել մեքենաներով։ Դիտարկե՞լ եք մեքենաների քանակը, պահուստային կարողություններ ունե՞ք, որ երբ վերանորոգվի գազատարը, կարողանաք կուտակել պահուստային գազ՝ հաջորդ նման իրավիճակին հեշտությամբ դիմագրավելու համար։ Նախևառաջ, սա ձեր պարտականությունն է։

Ռուսաստանին

Ձեր տեսանկյունից՝ Արցախը աշխարհում ամենահարավային սիրունիկ ռուսական հենակետն է, ուստի ձեր գործն արե՛ք ու պաշտպանե՛ք այն։ Հայտարարել եք, թե Ուկրաինայում պայքարում եք նացիստների դեմ։ Իրականում, պետք է պայքարեք նացիստական այն պետության դեմ [Ադրբեջանի], որին հռչակեցիք ձեր ռազմավարական գործընկերը՝ Ուկրաինայի վրա հարձակումից մի քանի օր առաջ։

Արևմուտքին

Նոր ստանդարտ ունեք, բոլորին չափել այն արշինով, թե ինչ են անում Ուկրաինայի համար։ Լավ, հասկացանք։ Բայց մեկ հարց՝ բացատրեք, թե ի՞նչ է այս մարդը արել, որ չի արել այս մեկը։

Ցուցակով անցնենք․

  • ներխուժել քո հարևան, մեկ այլ անկախ պետության տարածք՝ այո՛,
  • թիրախավորել խաղաղ բնակչությանը ու ռմբակոծել՝ այո՛,

Սակայն կա մեկ տաբերություն՝ Պուտինը երբեք ուկրաինացիների մասին նման բան չի ասել․

«Այժմ ցույց տվեցինք՝ ով ով է։ Մենք նրանց շների նման վռնդում ենք։ Ադրբեջանցի զինվորները նրանց վռնդում են շների պես»։

Պուտինը շատ բացասական կողմեր ունի, սակայն նա ռասիստ չէ՝ ի տարբերություն Ալիևի։ Պուտինը երբեք չի ցանկացել էթնիկական զտման ենթարկել ուկրաինացիներին կամ մշակութային ցեղասպանություն իրականացնել, ինչը Ալիևի ծրագիրն է՝ Արցախի հայերի համար։

Ինչու՞ է ամեն ինչ այսպես։ Ճիշտն ասած՝ պատերազմի ավարտից ի վեր մենք դարձել ենք ուժազրկված ժողովուրդ։ Երբ պարտվում ես պատերազմում, դու կորցնում ես քո վստահությունը, և դա քեզ կոտրում է։ Սակայն ժամանակն է ուշքի գալ այդ վիճակից։ Որովհետև կարող ես պարտվել պատերազմում, սակայն դա չի նշանակում, որ դարձել ես պարտված ժողովուրդ։

Երկարաժամկետ առումով ազատ ժողովուրդը երբեք պարտված ժողովուրդ չէ, որովհետև ազատ ժողովուրդն ունի ուժ և միջոցներ՝ ազդել իր կյանքի վրա, փոփոխել այն և իր իրավիճակը։

Պետք է շատ գործնական լինենք՝ միավորենք բոլոր ջանքերը և այնպես անենք, որ նման իրավիճակների առջև այլևս երբեք չհայտնվենք։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել