Երևանը 100 նոր ցածրահատակ ավտոբուս ձեռք կբերի

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 20 մլն եվրո վարկային միջոցներով Երևանի համար ձեռք կբերվի 100 նոր ավտոբուս։

Ազգային ժողովը մարտի 23-ին հաստատեց Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև 2021-ի նոյեմբերի 24-ին ստորագրված «Երևանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը: Փաստաթղթին կողմ քվեարկեցին 68, դեմ՝ 1, իսկ ձեռնպահ 28 պատգամավոր։

Համաձայնագրի շրջանակում ֆինանսավորման չափը կազմում է 20 մլն եվրո, իսկ վարկի ժամկետը՝ 15 տարի:

Այս գումարով Երևանի քաղաքապետարանը պարտավորվում է ձեռք բերել 100 միավոր ժամանակակից, 12 մետրանոց, ցածր հատակով ավտոբուսներ՝ քաղաքի հասարակական տրանսպորտի ցանցը բարելավելու և օդի աղտոտումը նվազեցնելու նպատակով: Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2025-ի օգոստոսի 31-ը:

Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ Լիմիթիդ» խորհրդատվական ընկերությունը մշակել և Երևանի քաղաքապետարանին է տրամադրել Երևան քաղաքի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցը, որի համաձայն՝ երթուղային ցանցի սպասարկման համար անհրաժեշտ է ձեռք բերել 845 հատ տարբեր չափի ավտոբուս: Նախնական գնահատմամբ՝ ավտոբուսների ընդհանուր քանակի ձեռքբերման համար անհրաժեշտ կլինի 120-150 մլն եվրո:

Նշվում է, որ Երեւանի քաղաքապետարանը տրանսպորտային բարեփոխումների ծրագրի առաջին փուլի շրջանակում 2021-ի փետրվարի 1-ին հայտարարել է նախնական գնման երկփուլային մրցույթ՝ սեղմված բնական գազով շահագործվող 12 մետրանոց ցածրահատակ շուրջ 100 ավտոբուսների ձեռքբերման նպատակով:

Մրցութային հայտերի հանձնման վերջնաժամկետը սահմանված է եղել 2021-ի մարտի 31-ը: Ներկայում ստացված առաջարկները գտնվում են գնահատման փուլում:

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել