Արևելքի հայկական համայնքներն արտահոսում են արևմտյան երկրներ. «Սարդարապատ»

«Արաբական երկրների վերջին մեկ ու կես տարիների ընթացքը և հատկապես Սիրիայում ներկայումս ծավալվող քաղաքական հեղաբեկումները ակնհայտ են դարձնում ՀՀ պաշտոնական մարմինների ու կազմակերպական կառույցների կրավորականությունը և անհամապատասխանությունը հայության առջև կանգնած արդի մարտահրավերների մասշտաբին։

«Հայկական աշխարհի» և «Արի տուն» այսպես կոչված ծրագրերի մասին բարձրագոչ հայտարարությունները պայթող փուչիկների նման առ ոչինչ են դառնում վերջին մեկ տարվա ընթացքում սիրիահայության նկատմամբ «ազգային ավիափոխադրիչ» «Արմավիա» ընկերության դրսևորած վարքագծի և այդ երևույթի նկատմամբ պաշտոնական շրջանների պիղատոսյան անգործության ու լռության խորապատկերի վրա: Ուշագրավ է, որ միայն հանրային ճնշման ազդեցության տակ հնարավոր եղավ այս հարցում բեկում մտցնել:

Սա մեկ անգամ ևս բացահայտում է այն իրողությունը, որ ազգի ու պետության կառավարման պատասխանատուները նույնիսկ կարճաժամկետ հեռանկարի համար ծրագրեր չունեն, այլ փորձելով իրավիճակային լուծումներ գտնել շարժվում են իրադարձությունների հետևից: Նույն շարքից են Սիրիայի հայությանը չվնասելու, նրանց հետագա կյանքը այսուհետ ևս միայն այդ երկրում կազմակերպելու մասին հայտարարությունները:

Բնական էր սպասել, որ սիրիահայությունը լինելով Սփյուռքի ամենահին և կազմակերպված գաղութներից մեկը և դրական հարաբերություն ու գործակցություն ունենալով բոլոր մնացած սիրիական համայքների հետ, պետք է դեմ լիներ ստիպողական արտագաղթին: Երկրի տարբեր քաղաքներում բնակվող մեր հայրենակիցների առջև ծառացել են տարաբնույթ խնդիրներ: Նրանք կարող են կորցնել իրենց մասնավոր և համայնքային սեփականությունը կամ դրա մի մասը, թողնել իրենց սոցիալական և մշակութային օջախները` զրկվելով անձնական և ազգային կյանքի կազմակերպման տարրական պայմաններից: Սակայն Սիրիայի 60 000 հայերի վիճակը վստահաբար էլ ավելի է բարդանում և ֆիզիկական անվտանգության իրական սպառնալիքների ազդեցությամբ հղի է աղետալի հետևանքներով՝ ենթակա լինելով մասնակի և անգամ ամբողջական տարհանման: Սիրիահությանը Սիրիայում պահելու վերաբերյալ տեսակետը ենթադրում է միջազգային լուրջ երաշխիքներ, որոնք, նկատի ունենալով սիրիական իրադարձությոններում ներգրավված կողմերի շահերի բախումը, ներկա պահին ստանալը բարդագույն միջազգային խնդիր է: Այս խնդրի լուծումը ենթադրում էր Հայաստանի, որպես միջազգային իրավունքի սուբյեկտի լուրջ գործունեություն, որը ակնհայտորեն բացակայում է:

Մերձավոր և Միջին Արևելքի բոլոր հայկական համայնքները վերջին տասնամյակների ընթացքում «Շագրենի կաշվի» պես անշեղորեն նվազում են՝ հետագա արագ ուծացման հեռանկարով արտահոսելով արևմտյան երկրներ: Այդ գործընթացի մասշտաբները զգալիորեն մեծանում են հատկապես ներքաղաքական վայրիվերումների ժամանակ։ Բնական է, որ Սիրիայի հայության պարագայում նույնպես առկա է այդ միտումը, ուր գաղութը վերջին 40 տարիների ընթացքում ավելի քան կրկնակի նվազել է և առաջիկայում նույնպես՝ իրավիճակի ապակայունացմանը զուգընթաց, այս կամ այն չափով լինելու է հայության աճող արտահոսք:

Ուստի ակնհայտ է, որ նման պարագաներում անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել այդ արտահոսքը դեպի Հայաստան ուղղելու համար: Շարունակական «ցունամիի» ազդեցության տակ գտնվող հարևան տարածաշրջանի քաղաքական փոփոխությունների մասշտաբից, բազմազանությունից, ինչպես նաև սրընթացությունից պարզ է դառնում, որ շատ շուտով գործ ենք ունենալու մեր ազգային ճակատագրի համար բախտորոշ զարգացումների հետ, ինչը մեզանից պահանջելու է նախ և առաջ հավաքական քաղաքական կամքի դրսևորում: Իրավիճակը թելադրում է, առանց խուճապի մեջ ընկնելու պատրաստ լինել զարգացման առավել հնարավոր նաև առավել վտանգավոր տարբերակներին և ըստ այդմ գործել համապատասխան սցենարներով, ինչը առանց հասարակական լուրջ ճնշման իրատեսական չէ ակնկալել շվայտության մեջ թաթախված, հայության առջև կանգնած խնդիրներից միայն փախչել իմացող հայաստանյան ապազգային վարչախմբից։

Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ տարածաշրջանային ռազմաքաղաքական ճգնաժամային զարգացումների հետևանքով, հատկապես՝ նոր աշխարհաքաղաքական իրականության ձևավորմանը նախորդող ներկայիս անցումային փուլում, էապես աճում է Հայաստանի և հայության կարևորության կտրուկ բարձրացման հնարավորությունը տարածաշրջանում։

Այդ պոտենցիալ կարևորությունը կախված կլինի նախևառաջ նրանից, թե որքանով Հայաստանը և հայությունը պատրաստ կլինեն պլանավորված մասնակցելու գալիք զարգացումների մեջ:

Հայաստանը և հայութունը տարածաշրջանային գործոնի վերածելու և դրա շնորհիվ ոչ միայն Սիրիայի հայ համայնքի, այլև համազգային հարցերը լուծելու այս նպատակի իրականացումը հնարավոր է միայն հայկական պետականության կազմակերպական արմատական նորացման միջոցով: Մինչ այդ, ցավոք սրտի, հարկ կլինի գործել ինքնակազմակերպվող քաղաքացիական մարմինների միջոցով, որոնց հանրային ճնշման տակ միայն հնարավոր կլինի օգտագործել ներկայիս վարչախմբի տրամադրության տակ գտնվող պետական լծակները։

Համազգային ինքնակազմակերպումը պետք է իրականացնել հաստատակամորեն, ապավինելով հայության ուժերին և գործելով ազգային շահի գերակայության գիտակցմամբ։

«Սարդարապատ» շարժումը ողջունում է սիրահայությանը աջակցելու բոլոր հասարակական նախաձեռնությունները և կրկին անգամ արձանագրում, որ միայն հանրային ճնշման շարունակական աղդեցության տակ կարելի է ակնկալել Հայաստանի վարչախմբի’ իր ձեռքի տակ ունեցած լծակների օգտագործումը սիրահայության խնդիրների լուծման համար»,- նշում է «Սարդարապատ» շարժումը:

Մեկնաբանել