«Ոչ մի երկրորդ ճակատ Վրաստանում չի լինի»․ Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ թույլ չի տա Վրաստանում Ռուսաստանի հետ երկրորդ ճակատի բացում: Նրա խոսքով՝ չնայած Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, «շատ դրական ակնկալիքներ ունեն»։

«Մենք շատ դրական ակնկալիքներ ունենք, չնայած նրան, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում ՝ աղետ, ողբերգություն, պատերազմ։ Դրա համար մենք պետք է պահպանենք խաղաղությունը, կայունությունը։ Ոչ մի երկրորդ ճակատ Վրաստանում չի լինի, մենք դա թույլ չենք տա։ Մենք կշարունակենք պաշտպանել մեր քաղաքացիներին և պետությանը»,- ասել Է Ղարիբաշվիլին, փոխանցում է Sova news-ը։

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը վերջերս կոչ էր արել բոլոր այն երկրներին, որոնք Ռուսաստանի հետ տարածքային խնդիրներ ունեն, զբաղվել իրենց տարածքների վերադարձով:

Դանիլովի՝ Ռուսաստանի հետ հավելյալ ճակատ բացելու մասին հայտարարությանն ի պատասխան՝ Վրաստանի քաղաքական ղեկավարությունը հայտարարել է, որ չի պատրաստվում նահանջել խաղաղ քաղաքականությունից և վտանգի տակ դնել սեփական քաղաքացիների անվտանգությունը։