Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի ևս 100 նոր ավտոբուս

Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի ևս 100 նոր ավտոբուս: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է ավտոբուսների գնման համար մրցութային փաթեթ պատրաստել: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունը։

Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում առաջիկայում կհայտարարվի նաև 15 նոր տրոլեյբուսի ձեռքբերման մրցույթ:

«Հաշվի առնելով քաղաքային տրանսպորտում 100 դրամանոց մետաղադրամների մեծ պահանջարկը` այսօրվանից համայնքային բոլոր նոր ավտոբուսների և միկրոավտոբուսների վարորդներն իրենց մոտ կունենան որոշակի քանակությամբ մանրադրամ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը զեկուցել է, որ առկա մանրադրամները կազմում են օրական շրջանառության ընդամենը 15 %-ը, ուստի կարևոր է, որ քաղաքացիները, նախքան միասնական տոմսային համակարգին անցնելը, ունենան 100 դրամանոցներ»,- ասված է հաղորդագրությունում։