Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությունը պետք է լինի անժամկետ․ Արայիկ Հարությունյան

Արցախի ժողովրդի ու իշխանությունների համոզմամբ ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությունը պետք է լինի երաշխավորված ու անժամկետ՝ զինծառայողների և զինտեխնիկայի համապատասխանաբար ավելացմամբ։ Այս մասին ապրիլի 12-ին Մարտակերտում համայնքների ղեկավարների և բնակչության հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Իր խոսքում երկրի ղեկավարը անդրադարձել է վերջերս Ասկերանի շրջանի Փառուխ համայնքի և Քարագլուխ բարձունքի հատվածում հակառակորդի սադրիչ գործողություններին՝ նշելով, որ ադրբեջանական կողմի հետքաշման համար Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունները շարունակվում են։ Միևնույն ժամանակ, Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ հակամարտության գոտում հարաբերական և փխրուն խաղաղության ապահովումը հնարավոր է ռուսական խաղաղապահ ուժերի շնորհիվ, և Արցախի ժողովրդի ու իշխանությունների համոզմամբ նրանց ներկայությունը պետք է լինի երաշխավորված ու անժամկետ՝ զինծառայողների և զինտեխնիկայի համապատասխանաբար ավելացմամբ»,- ասված է Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։

Հարությունյանն ընդգծել, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի երաշխիքներին և գործունեությանը զուգահեռ՝ Արցախի կառավարությունը ևս շարունակելու է աշխատել անվտանգության ապահովման սեփական մեխանիզմների և քաղաքացիական պաշտպանության համակարգի արդյունավետության բարելավման ուղղությամբ։

Նա անդրադարձել է նաև էներգետիկ և պարենային անվտանգության ապահովման խնդիրներին և նշել, որ արդեն աշխատանքներ են տարվում արևային էներգետիկայի զարգացումը, փոքր ՀԷԿ-երի, անտառային ու բնական այլ ռեսուրսների և հողատարածքների ռացիոնալ օգտագործումն ապահովելու ուղղությամբ։

***

2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբն այնտեղ մնալու է հինգ տարի։ Ժամկետը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը վերջնաժամկետից կես տարի առաջ չպահանջի Ղարաբաղից առաքելության դուրս բերում։

Մեկնաբանել