Ոստիկանության գործողությունները համաչափ են․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անհնազանդության ակցիաներ իրականացնողների նկատմամբ ոստիկանության գործողությունները համաչափ է գնահատում։

«Շնորհակալություն եմ հայտնում, որ մեր մյուս քաղաքացիների իրավունքներն իրենք (ոստիկանները – խմբ․) պահպանում են և թույլ չեն տալիս, որ այդ փոքր միջոցառումները խանգարեն մնացած քաղաքացիներին։ Պետք է հասկանանք, որ քաղաքական գործընթաց է, և ոստիկանությունն իր աշխատանքն է իրականացնում»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։

Խորհրդարանի ղեկավարը Հայաստանում ներքաղաքական ճգնաժամ չի տեսնում․ «Այն ուժերը, որոնք 2021-ի ընտրությունների ժամանակ պարտվեցին, հիմա փորձում են նույն դերակատարներով, ասելիքով, ագրեսիայով ինչ-որ ալիք բարձրացնել, բայց ինձ համար ակնհայտ է, որ քաղաքացիներն իրենց ընտրությունն արել են և աշխատում են զերծ մնալ քայլերից»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է ընդդիմադիրների հետ համագործակցությանը, Ալեն Սիմոնյանը նշեց․ «Համագործակցելու առաջարկն ուժի մեջ է։ Մշտապես վարչապետն ասել է, որ պատրաստ է քննարկել յուրաքանչյուր հարց, բայց մտավախություն ունեմ, որ այդ օրակարգն իրենք կմերժեն, որովհետև դա իրենց համար փակուղային կլինի և իրենք ուղղակի ասելիք չեն ունենա»։

***

Մարդու իրավունքների պաշտպանը մայիսի 2-ին հայտարարություն էր տարածել ընդդիմության անհնազանդության ակցիաների և ոստիկանության գործողությունների վերաբերյալ՝ դատապարտելով ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառումը

«Դիմադրության» շարժման ցուցարարները երկրորդ օրն է՝ անհնազանդության գործողություններ են իրականացնում։ Մայիսի 3-ի առավոտյան կրկին փակվել էին Երևանի մի շարք կենտրոնական փողոցներ և խաչմերուկներ։ Բացի փողոցներ փակելուց, ընդդիմադիրների որոշ խմբեր նաև երթեր են իրականացնում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության գործողություններին մասնակցում են ինչպես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներ, այնպես էլ այլ խմբեր ու քաղաքացիներ։

Մեկնաբանել