ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Տաջիկստանում միջամտելու անհրաժեշտություն չի տեսնում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի կարծիքով Տաջիկստանում վերջին դեպքերը ներքին բնույթ են կրում և ՀԱՊԿ հավաքական ուժերի միջամտության անհրաժեշտություն չկա։ Այս մասին Բորդյուժան հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո։

«Ինչ վերաբերում է տեղի ունեցող գործընթացների էությանը, ապա այն ամբողջովին առնչվում է Տաջիկստանի ներքին կյանքին և հավաքական ուժերի միջամտություն չի պահանջում»,- նշել է Բորդյուժան՝ հավելելով, թե երկրի զինված ուժերը ինքնուրույն կարող են լուծել խնդիրները Լեռնային Բադախշանում։

«Իրավիճակին մենք հետևում ենք՝ քննարկելով նյութական միջոցներով Տաջիկստանի զինված ուժերին և իրավապահ մարմիններին աջակցելու հարցը»,- ավելացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ իր հերթին հայտարարել է, թե ՀԱՊԿ-ին անհրաժեշտ է ինչ որ կերպ արձագանքել Տաջիկստանում տեղի ունեցող դեպքերին։ «Այն (Տաջիկստանը – խմբ.) մեր կազմակերպության անդամ է։ Դրությունը բարդ է, և նախագահի դիմումը անուշադրության մատնել չի կարելի»,- ասել է Լուկաշենկոն։

Հիշեցնենք՝ հուլիսի 24-ին Տաջիկստանի զինված ուժերը հատուկ գործողություն սկսեցին Լեռնային Բադախշանի ինքնավար մարզում։ Պաշտոնական հաղորդագրությունում նշվում էր «ապօրինի խմբավորումների» ոչնչացման անհրաժեշտության մասին, որոնք պատասխանատու էին ինքնավար մարզի Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարի սպանության մեջ։ Սակայն ընդդիմադիրների հայտարարություններով՝ իշխանությունների իրական նպատակը նախագահ Էմոմալի Ռահմոնի վարչակարգին ընդդիմադիր այս շրջանի նկատմամբ կոշտ վերահսկողության սահմանումն է։

Պաշտոնական տվյալներով՝ հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել է խմբավորման 30 և ձերբակալվել 40 մասնակից, այդ թվում՝ Աֆղանստանի 8 քաղաքացի։ Զոհվել է 12 զինծառայող, ևս 23-ը վիրավորվել են։ Ոչ պաշտոնական տվյալներով զոհվել է ավելի քան 100 զինծառայող, այդքան էլ խաղաղ բնակիչ։

Նշենք, որ համաձայն Տաջիկստանի ներքին գործերի նախարարության՝ ապօրինի զինված խմբավորումները երեկ հանձնել են ավելի քան 200 միավոր զենք՝ հրադադարի մասին համաձայնության շրջանակներում։

Մեկնաբանել