Վրաստանում պնդում են, որ Իվանիշվիլիին ճնշում են՝ երկիրը ներքաշելու Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ  

Վրացի միլիարդատեր, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին շվեյցարական Credit Suisse բանկի հետ նոր դատական վեճի մեջ է։ Վրաստանում պնդում են, որ Արևմուտքը Իվանիշվիլիի վրա ճնշում է գործադրում երկիրը ուկրաինական պատերազմի մեջ ներքաշելու համար։ OC Media-ի անդրադարձը։

Վրաստանի իշխող կուսակցության առաջնորդները պաշտպանել են կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին շվեյցարական Credit Suisse բանկի հետ նոր դատական վեճում՝ պնդելով, որ Իվանիշվիլիի վրա ենթադրյալ ճնշումը կարող է լինել միջազգային դավադրության մի մասը՝ Վրաստանին ուկրաինական պատերազմի մեջ ներքաշելու համար:

Ուրբաթ Իվանիշվիլիի վարձած Cision PR ընկերությունը հայտնել է, որ Վրաստանի նախկին վարչապետը դատական հայց է ներկայացնում Credit Suisse-ի դեմ՝ իրեն պատկանող թրաստ ֆոնդից միջոցները ստանալ չկարողանալու համար: Այս գործը կապ չունի Credit Suisse-ի դեմ դատական մեկ այլ գործընթացի հետ, որը Իվանիշվիլին շահել էր մարտին։

Ըստ Cision-ի՝ Credit Suisse-ը «անհիմն տեղեկատվություն է պահանջել», ինչը հանգեցրել է թրաստ ֆոնդից միջոցների ստացման մեկ ամսով հետաձգման։ Բացի այդ, դրամական միջոցների մեկ այլ դիմում դեռ առկախված է:

Cision-ի ներկայացուցիչներն ասել են, որ շվեյցարական բանկը վկայակոչել է «Արևելյան Եվրոպայում աշխարհաքաղաքական միջավայրը»: Ընկերությունմ պնդել են, որ Իվանիշվիլին որևէ կապ չունի Ուկրաինա ռուսական ներխուժման հետ և ենթակա չէ որևէ պատժամիջոցների:

«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ենթադրել է, որ դրամական փոխանցումների հետաձգումը կարող է լինել «համակարգված գործողությունների» արդյունք, որի նպատակն է Վրաստանին ներքաշել ուկրաինական պատերազմին մեջ։

Կոբախիձեն իր ենթադրությունը հիմնավորելու համար մեջբերել է վերջերս եղած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ Վրաստանում Ուկրաինայի դեսպանի հետկանչը, ինչպես նաև Իվանիշվիլիի ձայնագրության հրապարակումը, որտեղ նա խոսում է պատժամիջոցների տակ գտնվող ռուս գործարար Վլադիմիր Եվտուշենկովի հետ:

Իրակլի Կոբախիձեն

«Երբ դրան գումարվում է շվեյցարական բանկը, դա, իհարկե, հավելյալ հարցեր է առաջացնում»,- ասել է Կոբախիձեն:

«Եթե ինչ-որ մեկը փորձում է Բիձինա Իվանիշվիլիին վերադարձնել վրացական քաղաքականություն իր կամքին հակառակ, որպեսզի երկիրը ներքաշվի պատերազմի մեջ․․․ ես դա համարում եմ առնվազն անընդունելի և սկզբունքորեն սխալ»։

«Վրացական երազանք»-ի պատգամավորներ Սոզար Սուբարին և Իրակլի Քադագիշվիլին նույնպես արձագանքել են այս վարկածին՝ ենթադրելով, որ Իվանիշվիլիի նկատմամբ կարող է լինել քաղաքական ճնշում կամ շանտաժ երկիրը պատերազմի մեջ ներքաշելու համար:

Թեև «Վրացական երազանքի» առաջնորդները ձեռնպահ են մնում բացահայտ նշելու, թե իրենց կարծիքով ով է կանգնած դավադրության հետևում, իսկ Կոբախիձեն վկայակոչում է իր «քաղաքական պատասխանատվությունը» նման բան չանելու համար, կառավարամետ «Իմեդի» հեռուստաընկերությունը մատնացույց է անում Արևմուտքին:

«Հասարակության մի մասի կարծիքով՝ կա հստակ համակարգված գործողություն և սխեմա, որի հետևում կանգնած է Արևմուտքը»,- ասել է «Իմեդի»-ի հաղորդավար Լևան Ջավախիշվիլին՝ ներկայացնելով մի հատված այս պատմությունից։

Հաղորդման այդ հատվածում հարցազրույցներ են ներկայացվում մի քանի մարդկանց հետ, որոնք պնդում են, թե Միացյալ Նահանգները փորձում է ճնշում գործադրել Իվանիշվիլիի վրա՝ Վրաստանին ներքաշելու ուկրաինական պատերազմում ընդդեմ Ռուսաստանի:

«ԱՄՆ-ում կա մի ուժ, որը ցանկանում է, որ մենք ներգրավվենք այս հակամարտության մեջ […] Նպատակը Ռուսաստանին որպես համաշխարհային ագրեսոր ներկայացնելն է»,- ասել է բանասեր Զազա Շատիրիշվիլին։

Երեքշաբթի Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Գիորգի Խելաշվիլին փորձել է հետ կանգնել իր գործընկերների որոշ հայտարարություններից՝ պնդելով, թե «խոսքը, իհարկե, մեր ռազմավարական գործընկերների մասին չէ»՝ նկատի ունենալով արևմտյան երկրներին։

Իվանիշվիլին պաշտոնապես լքել է քաղաքականությունը 2021-ի հունվարին՝ թողնելով «Վրացական երազանք»-ի ղեկավարի պաշտոնը։ Հարցին, թե ինչու երրորդ կողմերը պետք է ճնշեն Իվանիշվիլիին, որ նա ազդի կառավարության քաղաքականության վրա՝ հաշվի առնելով քաղաքականությունից նրա ակնհայտ հեռանալը, կուսակցությունում չեն պատասխանել։

Մեկնաբանել