Բոգոյին փոխկապակցված «Մօջօ» ինքնակամ ռեստորանը քանդվել չի ուզում

Գևորգ Թոսունյան

Քաղաքապետարանը երկու տարի է՝ չի կարողանում քանդել Բոգոյի «առանց փաստաթղթի» ռեստորանը։ Պատճառն այժմ դատական հայցն է։ Մինչև 2005-ը Երևանի «Կիլիկիա» ավտոկայանի դիմացի մայթին՝ Իսակովի պողոտայի 3/6 և 3/8 հասցեում բաց ջրանցք էր։ 2011-ից հետո այստեղ ավելի քան 1200 քմ տարածք առանց որևէ փաստաթղթի ու հիմնավորման դարձել է մասնավոր անձի «սեփականություն»։ Ներկայում այս նույն տարածքում գործում է «Մօջօ» ռեստորանը, որը թեև ապօրինի է կառուցվել, սակայն այդպես էլ չի քանդվում։ Ռեստորանը փոխկապակցված է քրեական հեղինակություն համարվող Ռուբեն Կոստանյանի հետ՝ Բոգո մականվամբ։

«Մօջօ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014-ին: Մինչ այս տարբեր լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Հետք»-ը, գրել են այս ընկերության՝ Բոգոյին պատկանելու մասին, որը նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի մտերիմն է և մեկ այլ նախկին պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադի) խնամին։ Սիվիլնեթը ներկայացնում է Բոգոյի և «Մօջօ»-ի կապը, որը արտացոլվում է փոխկապակցված ընկերություններով։

Loading...

Loading…

Ռեստորանի կադաստրային փաթեթում կա մեկ փաստաթուղթ՝ թվագրված 2012-ով։ Այն տրամադրվել է «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի կողմից, նշվում է՝ իբր ռեստորանի տարածքը 492,22 քմ է, որն օրինական է։ Արդեն 2019-ին այդ նույն ՓԲԸ-ն տրամադրել է շինությունների հատակագիծը։

Կադաստրային փաստաթղթերում չկա, սակայն, որևէ իրավական ակտ, որոշում կամ այլ բնույթի փաստաթուղթ, որտեղ կարտացոլվեն ռեստորանի շինթույլտվությունն ու մյուս հիմքերը։

Այս փաստաթղթերն այն ամենն է, ինչ եղել է Երևանի քաղաքապետարանի բազայում։ Դրանք հիմք ընդունելով՝ 2020-ի հունվարի 14-ին Երևանի քաղաքապետարանի Առևտրի և սպասարկման վարչության պետ Հովիկ Սաֆարյանը գրությամբ դիմել է Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումների ղեկավարին՝ խնդրելով տրամադրել ռեստորանի կողմից Իսակովի 3/6 հասցեի անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի և դրա տրամադրման համար հիմք հանդիսացող բոլոր փաստաթղթերի լուսապատճենները։ Ի պատասխան, Կադաստրի կոմիտեից հայտնել են, թե «Մօջօ» ՍՊԸ-ի անվամբ Երևանի Կենտրոն Ծ. Իսակովի պողոտա 3/6 հասցեում գրանցված անշարժ գույք չի հայտնաբերվել։

Ըստ արբանյակային լուսանկարների ռեստորանի շինարարությունն ակտիվ կերպով սկսվել է 2011-ից հետո։

Քաղաքապետարանը որոշում է քանդել ռեստորանը

2020-ի օգոստոսի 18-ին այդ ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, ներկայում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը որոշում է կայացրել քանդել «Մօջօ» ռեստորանը։ Հարուցված վարչական վարույթի շրջանակում հրավիրված լսումներին ծանուցում է ուղարկվել նաև Բոգոյին՝ Ռուբեն Կոստանյանին։ Նա, սակայն, չի ներկայացել։

Լսումներին ներկայացել է քաղաքացի Ավետիս Ավետիսյանը իր կողմից լիազորված անձ Լուսինե Ավագյանի հետ և հայտնել, որ ինքն է իրականացրել խնդրո առարկա ինքնակամ կառույցը և միաժամանակ խնդրել է իրեն մասնակից դարձնել հրավիրված վարչական վարույթի լսումներին։ Ի դեպ, այս անձի անունը «Մօջօ»-ի ռեգիստրի փաստաղթղթերում առկա չէ։

Ավետիսյանը նաև հայտնել է, որ հարցի կարգավորման համար դիմելու է Երևանի քաղաքապետարան տարածքն օրինականացնելու խնդրանքով, մինչդեռ քաղաքապետարանը նրան առաջարկել է սեփական նախաձեռնությամբ քայլեր ձեռնարկել ինքնակամ շինությունն ապամոնտաժելու և դրանով ծանրաբեռնված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ապօրինի տիրապետումից ազատելու ուղղությամբ: Կառուցապատողը հրաժարվել է կատարել քաղաքապետարանի պահանջը։

Փոխքաղաքապետի որոշման մեջ շեշտվել է, որ «քննարկվող շինությամբ զբաղեցրած հողատարածքը գտնվում է Հողային օրենսգրքի [․․․] սահմանափակումների ցանկում, քանի որ գտնվում է ջրանցքի վրա, հետևաբար […] ենթակա չէ օրինականացման»:

Որոշվել է քանդել ինքնակամ շինությունը և ապօրինի տիրապետումից ազատել Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը: Քանդման աշխատանքները տեղի չեն ունցել, կառուցապատողը թույլ չի տվել։

Գործը հասնում է դատարան

Հրաչյա Սարգսյանի որոշման կայացումից հետո Ավետիս Ավետիսյանը դիմում է դատարան՝ պահանջելով վերացնել այդ իրավական ակտը և «Իսակովի պողոտա հ. 3/8 հասցեի հարևանությամբ գտնվող 1283,4 քմ մակերեսով ինքնակամ կառուցված շինությունը, որը ներկայումս զբաղեցված է «Մօջօ» հանրային սննդի օբյեկտով, օրինականացնել»։ Այս դատաքննությունը առ այսօր ընթանում է և դեռ երկար կշարունակվի, քանի որ հաջորդ նիստը նշանակվել է 2023-ի հունիսին։

2020-ի վերջին վարչական դատարանը որոշում է հայցի ապահովման միջոց կիրառել և արգելել քաղաքապետարանին քանդել ռեստորանի շենքը, իսկ 2021-ի վերջին դատարանը մերժում է այդ ռեստորանի տարածքն օրինակացնելու պահանջը։ Գործը մտնում է վերաքննիչ դատարան և միայն հոջորդ տարի կքննվի։

Բոգոյի խնդիրները միայն տարածքի օրինականացմամբ չեն ավարտվում

«Մօջօ» ՍՊԸ-ի նկատմամբ 2020-ից հետո մի քանի սահմանափակումներ են կիրառվել։ Վարույթներից մեկով բռնագանձման է ենթակա ավելի քան 233 000 դրամ գումար, մեկ այլ վարույթով՝ 212 000 դրամ, մեկ ուրիշովъ 50 000 դրամ: Քրեական գործի շրջանակում կա նաև արգելանք։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տվյալների համաձայն՝ «Մօջօ»-ն 2017-ի հունվարին ունեցել է ընդամենը 4 գրանցված աշխատող, 2018-ի օգոստոսին՝ 12, իսկ 2019-ի վերջին՝ 10 աշխատող։

Բոգոյի մասին

Բոգոն՝ Ռուբեն Կոստանյանը, իշխանության «ուշադրություն կենտրոնում» հայտնվեց 2018-ի «Թավշյա հեղափոխությունից» հետո։ Նրա անունը սկսեց շրջանառվել Կենտրոնական ավտոկայանում​ տեղի ունեցած յուրացումների առնչությամբ։ Նա մի քանի անգամ բերման է ենթարկվել՝ ի շարս մի շարք քրեական հեղինակությունների։

2019-ին մարտի 7-ին այրվել էր Կենտրոնական ավտոկայանի նորանշանակ տնօրեն Ռոման Համբարձումյանի ավտոմեքենան։ Ավտոկայանի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանը սոցիալական ցանցում հրապարակել էր վառված մեքենայի տեսանյութն ու հայտարարել, որ իրենց ցանկանում են «վախեցնել և խոչընդոտել աշխատանքը «Հայավտոկայարան» ՓԲԸ-ում»։ Նա հայտարարում էր, որ տարիներ շարունակ ավտոկայանում հոսանքի կորուստ է եղել՝ պնդելով, որ «Ռուբեն Կոստանյանը ավտոկայանում ունի երեք տարածք, որտեղ ապօրինի գործունեություն է ծավալել»:
Նորագյուղցի Բոգոն, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, հայտնի է նաև որպես «ավտոկայանի նայող»։ Նշվում է, որ նա էր «հսկում ավտոկայանում տաքսիների վարորդներին, որոնք են ապահովում տարբեր ուղղություններով երթուղիները:

Մեկնաբանել