Ղամիշլիից հայացք դեպի հյուսիս. քրդական երկրորդ ինքնավարությունը գոյատևել կարո՞ղ է 

Ղամիշլի

Վիգէն Չըթըրեան

Ղամիշլիում քրդերի առաջնորդների միջև թեժ բանավեճ է ընթանում Թուրքիայի հետ հետագա հարաբերությունների վերաբերյալ այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնաց կրկին ներխուժել Սիրիայի հյուսիս-արևելք: Թեև ներկայում թուրքական մոտալուտ ներխուժման մասին ահազանգ չկա, մտահոգիչ գլխավոր հարցը մնում է՝ ինչ անել, եթե ամերիկյան ուժերը դուրս գան Սիրիայից:

Ղամիշլիում թուրքական ներկայությունը զգացվում է ամենուր: Քաղաքի հյուսիսային թաղամասերից կարելի է տեսնել սահմանի մյուս կողմում գտնվող Նուսայբին քաղաքի շենքերը։ Քաղաքը սահմանից բաժանում է վերջերս կառուցված երկար պատը, որը սահմանապահների ու զինվորական հենակետերի հսկողության տակ է։ Գիշերը մայրուղով ճանապարհորդելիս պարզ երևում է թուրքական կողմը՝ լուսավորված փողոցային պայծառ լույսերով։ Ղամիշլիի միջով հոսող Ջաղջաղ գետի ջրերը մուգ են ու գարշահոտ։ Ինձ ուղեկցողը բացատրում է, որ Թուրքիան փակել է քաղցրահամ ջրերի հոսքը և բաց է թողնում միայն քաղաքների օգտագործած ջրերը: Քաղաքի հյուսիսային հատվածում գտնվող սահմանային անցակետը գտնվում է նախագահ Բաշար Ասադին հավատարիմ սիրիացի զինվորների հսկողության տակ, իսկ թուրքական կողմից սահմանը շարունակում է փակ մնալ։

Հիմնականում քրդաբնակ Հյուսիսային և Արևելյան Սիրիայի Ինքնավար Վարչակազմի գլխավոր մտահոգությունը անվտանգությունն է. թուրքական անօդաչու թռչող սարքերը պարբերաբար թռիչքներ են գործում այստեղ, նաև շարունակական սպառնալիքներ են հնչում քուրդ զինյալների դեմ հետագա ռազմական գործողությունների մասին, որոնց Թուրքիան համարում է «Քրդական աշխատավորական կուսակցության» կամ PKK-ի շարունակությունը։

Հյուսիսային և Արևելյան Սիրիայի Ինքնավար Վարչակազմը առավել կայուն և բարգավաճ շրջաններից մեկն է այս ողբերգական երկրում՝ Սիրիայում։ Սիրիայում ապստամբությունից և սիրիական ռեժիմի ուժերի դուրսբերումից հետո այն անցել է քրդական զինված խմբավորումների վերահսկողության տակ: «2011-ի երկրորդ կեսն էր, սիրիական ապստամբությունը թափ էր առնում, իսկ Ասադի ռեժիմը ցանկանում էր հետ քաշվել քրդական շրջաններից և շրջանի վերահսկողությունը փոխանցել տեղի քրդական խմբավորումներին»,- ասում է քրդական «​Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Ահմադ Սուլեյմանը։ Սակայն Սիրիայում քրդական ուժերը այն ժամանակ կարծում էին, որ Ասադին մի քանի ամսից կտապալեն, և հրաժարվեցին նրա հետ բանակցել։ Առաջացած բացը լրացվեց, երբ Իրաքի լեռներից PKK-ի զինյալները եկան և կարողացան իրենց վերահսկողությունը հաստատել այստեղ: Նրանց մեջ էր Մազլում Աբդին՝ Սիրիայի հյուսիս-արևելքի ներկայիս ռազմական ղեկավարը։ Նրանք ստեղծեցին «Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումներ» կամ YPG-ի խմբավորումները, իսկ քաղաքական հսկողությունը անցավ «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը, որը քաղաքական կազմավորում է և PKK-ի ու նրա առաջնորդ Աբդուլլահ Օջալանի գաղափարական ազդեցության տակ է ստեղծվել:

«Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումները» կատաղի մարտեր էր վարում «Իսլամական պետության» (ԴԱԻՇ) դեմ․ Քոբանիի ճակատամարտը (2014) դարձավ դրա գագաթնակետը, ինչը պայմաններ ստեղծեց քուրդ զինյալների և ԱՄՆ-ի զինուժի միջև ռազմական դաշինքի համար: Հենց այդ ժամանակ ԱՄՆ-ը լքեց «Սիրիայի ազատ բանակը» և ռազմական դաշինք կնքեց «Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումների» հետ։ Քոբանին առաջին ռազմական հաղթանակն էր ԴԱԻՇ-ի դեմ, որը սպառնում էր տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը: Այս դաշինքն ավելի հեռուն գնաց, երբ ԱՄՆ-ը քուրդ մարտիկներին խնդրեց հետևակի դեր կատարել ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, որպեսզի ազատագրեն Ռաքքան՝ «խալիֆայության» մայրաքաղաքը, Դեր Զորը և մինչև ԴԱԻՇ-ի պաշտպանական գծի վերջին հենակետը Բաղուզում: Դրանք այլևս ոչ թե քրդական, այլ արաբաբնակ շրջաններ էին: ԱՄՆ-ի հովանու ներքո ստեղծվեց քրդական-արաբական ուժերի դաշինք, որը հայտնի է որպես «Սիրիայի դեմոկրատական ուժեր»։ Այսօր դաշինքի իշխանությունը տարածվում է 50 000 ք/կմ տարածքի վրա, որտեղ երեք միլիոն մարդ է ապրում և որոնց մեծամասնությունը էթնիկ արաբներ են։ Թեև քրդական ուժերը ի սկզբանե ստեղծել էին «Ռոջավա» կամ «Արևմտյան Քրդստան» տերմինը, քաղաքական այս նոր միավորի համար այժմ նրանք ավելի չեզոք անուն են ընտրել՝ «Հյուսիսային և Արևելյան Սիրիա»: Այս կերպ Մերձավոր Արևելքում ձևավորվեց քրդական երկրորդ ինքնավարությունը։

Ջազիրան (կամ «կղզի», Եփրատ և Տիգրիս գետերի միջև ընկած շրջան) Սիրիայի հացահատիկի արտադրության մեծ մասն ապահովող շրջանն է։ Այստեղ են նաև սիրիական նավթի պաշարների 90%-ը և գազի պաշարների կեսը: Սա կարող է լինել այն բազմաթիվ պատճառներից մեկը, որ Ասադի ռեժիմը մերժում է Հյուսիսային և Արևելյան Սիրիայի Ինքնավար Վարչակազմի հետ որևէ քաղաքական բանավեճ։ Ակնհայտ է, որ երկրի հյուսիս-արևելքը «օգտակար Սիրիայի» մի մասն է, որը վարչակարգը ցանկանում է վերականգնել, քանի որ այն նախկինում կարևոր աղբյուր էր պետական գանձարանը լցնելու համար:

Երբ անցնում ենք քաղաքի կենտրոնում գտնվող սիրիական ռեժիմի անցակետերի կողքով, վարորդս զգուշացնում է չնկարահանել, քանի որ մեզ կարող են կանգնեցնել և հարցաքննել։ Սիրիական վարչակարգը դեռ ներկայություն ունի Ղամիշլիում․ այնտեղ պահպանվում են կառավարական որոշ շենքեր, որոնք հայտնի են որպես «անվտանգության քառակուսի»: Ղամիշլիի օդանավակայանը, որը գտնվում է քաղաքից հարավ-արևմուտք, նույնպես գտնվում է սիրիական ռեժիմի վերահսկողության տակ։ Քրդական ուժերի և ռեժիմին հավատարիմ ուժերի հարաբերությունները միշտ չէ, որ հարթ են։ 2022-ի ապրիլին «Սիրիայի դեմոկրատական ուժերը» շրջափակման մեջ առավ ռեժիմի ուժերին և նրանցից խլեց որոշ շենքեր՝ ի պատասխան Հալեպի քրդական մեծամասնություն ունեցող Շեյխ Մակսուդ արվարձանի նկատմամբ ռեժիմի շրջափակման:

«Դամասկոսի հետ բանակցություններ չկան,- ասում է Աբդուլքարիմ Օմարը՝ Հյուսիսային և Արևելյան Սիրիայի Ինքնավար Վարչակազմի դե ֆակտո արտաքին գործերի նախարարը,- միայն ռուս միջնորդների միջոցով շփումներ։ Վարչախումբը կարծում է, թե դեռ 2011 թվականն է, ուզում են հերթական անգամ վերարտադրել իրենց ամբողջական գերիշխանությունը»։

Օտարերկրյա զորքեր՝ ռուսներ և ամերիկացիներ

Ի՞նչ ապագա է սպասվում Հյուսիսային և Արևելյան Սիրիայի Ինքնավար Վարչակազմին, որը սեղմված է հարավում՝ ռեժիմի ուժերի, իսկ հյուսիսում՝ թշնամական Թուրքիայի միջև: Առայժմ տարածաշրջանը վայելում է ամերիկյան պաշտպանությունը, քանի որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից զորքերի դուրսբերման հրամանից հետո այստեղ մոտ 900 ամերիկացի զինծառայող է մնացել։ Նրանք գտնվում են այդ տարածքում տեղակայված բազմաթիվ հենակետերում և պարբերաբար պարեկային ծառայություն են տանում տարածքի գլխավոր ճանապարհներին: Բայց կան նաև ռուսական զորքեր, որոնք տեղակայված են տարածաշրջանում․ այդպիսի մի փոքր բազա տեսա Ամուդա քաղաքում: Այնուամենայնիվ, թուրք ղեկավարները պարբերաբար կրկնել են Սիրիայի հյուսիսում 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու իրենց ծրագրերի մասին և արդեն հարձակվել ու գրավել են մի մեծ հատված, որը Աֆրինից ձգվում է մինչև Ռաս ալ-Այն։ Եթե ամերիկացի զինվորները մնան, ապա թվում է, թե թուրքական ռազմական գործողությունները կսահմանափակվեն քուրդ զինյալների դեմ օդային հազվադեպ հարվածներով։

Բայց ի՞նչ կլինի Հյուսիսային և Արևելյան Սիրիայի Ինքնավար Վարչակազմի հետ, երբ ամերիկացիները հեռանան։ «Մենք երբեք չենք խզել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ չնայած ԱՄՆ-ի հետ մեր ռազմական դաշինքին,- ասում է Աբդուլքարիմ Օմարը։- Ռուսական ռազմական ներկայությունը խորհրդանշական է, բայց կարևոր»: Այժմ Ուկրաինայի պատերազմի ֆոնին ռուսական ներկայությունը Սիրիայում թուլացել է, և ամեն դեպքում ԱՄՆ-ն է, որ ապահովում է հյուսիսարևելյան Սիրիայի անվտանգությունը։

Ղամիշլի, Սիրիա, 14 սեպտեմբեր, 2020․ Ռուսական ռազմական մեքենաները ճանապարհին։ Ռուսաստանը 30 մեքենաներով նոր ռազմական և նյութատեխնիկական ամրացում է կատարում Ղամիշլիի իր ռազմական կետերում։ (Լուսանկարը՝ Սամեր Ուվեյդի/Անադոլու գործակալության՝ Getty Images-ի միջոցով)

Ղամիշլիի քուրդ քաղաքական գործիչներին կարելի է բաժանել երկու խմբի։ Կան մարդիկ, որոնք կարծում են, որ Թուրքիայի վերջնական նպատակն է վերացնել Սիրիայի հյուսիսում քրդական քաղաքական կազմակերպված միավորի ներկայությունը։ Իրենց զրույցներում նրանք մեզ հիշեցնում են Աֆրինի՝ Սիրիայի ամենաարևմտյան քրդաբնակ շրջանի ճակատագիրը, որը հարձակման է ենթարկվել թուրքական բանակի կողմից և գրավվել 2018-ի սկզբին։ Ըստ նրանց, այժմ այնտեղ 97% բնիկ քուրդ բնակչությունից մնացել է 20%-ը միայն, մնացածները ստիպված են եղել ապաստան փնտրել` փախչելով իսլամիստական խմբավորումների բռնություններից: Դրանից հետո տեղի է ունեցել երկրորդ հարձակումը Ռաս ալ-Այն և Թել Աբյադ քաղաքների վրա։ Նման հեռանկարի պարագայում դժվար է պատկերացնել այլ բան, քան գոյութենական պայքարը։

«Թուրքիան հետևողական է իր պահանջի հարցում, նրանք ցանկանում են հասնել մինչև Ռաքքա»,- ասում է Սալեհ Մուսլիմը՝ «Ժողովրդավարական միություն» կուսակցության նախկին համանախագահը: Մենք նստած ենք հանգստյան մի հին համալիրում, ներկայիս ամերիկյան ավիաբազայի կողքին, որտեղ մեր քննարկումն ընդհատվում է ուղղաթիռների աղմուկից։ Հյուսիսային և Արևելյան Սիրիայի Ինքնավար Վարչակազմի և Թուրքիայի հարաբերությունների վերաբերյալ նրա տեսակետը մռայլ է։ Այնուամենայնիվ, 2013-2015 թթ․ նա երեք անգամ այցելել է Ստամբուլ՝ Թուրքիայի ղեկավարության հետ բանակցելու համար։ Այս փաստը ընդգծում է գոյաբանական մտավախությունները, իսկ քաղաքական կարգավորումը դարձնում է հնարավոր։ 2013-ին թուրքական բանակի և PKK-ի քուրդ պարտիզանների միջև հրադադարի համաձայնագիր կնքվեց, և Անկարայի և PKK-ի ղեկավարության միջև քաղաքական քննարկումներ եղան։ Սա դրական անդրադարձավ Սիրիայի և Թուրքիայի քրդերի վրա։ Ի՞նչը սխալ գնաց հետո:

«Քոբանիի ճակատամարտը բեկումնային կետն էր,- ասում է Սալեհ Մուսլիմը։- Նույնիսկ մարտի ժամանակ մենք շփումներ ենք ունեցել Թուրքիայի հետ։ Շփումները դադարեցվել են ԴԱԻՇ-ի ջախջախումից հետո։ Նրանց նախագիծն այն էր, որ ԴԱԻՇ-ը կգրավի Քոբանին և ճանապարհ կբացի թուրքական միջամտության համար, որպեսզի նրանք վերահսկողություն սահմանեն Սիրիայի հյուսիսի մի հատվածի նկատմամբ, ինչպես Ջարաբուլուսում արեցին»: Թուրքիայում վերսկսվել են մեկուկես միլիոն սիրիացի փախստականներին հյուսիսային Սիրիա ուղարկելու մասին խոսակցությունները։ Սալեհ Մուսլիմն ասում է, որ դրանով «Թուրքիան այժմ իրականացնում է «արաբական գոտու» նախագիծը Սիրիայի հյուսիսում», որը Բաասի ժամանակաշրջանի նախագիծ է, երբ «արաբացման» քաղաքականության շրջանակում էթնիկ արաբներին վերաբնակեցնում էին շրջաններում, որտեղ բնակչության մեծամասնությունը քրդեր էին։

Նասեր Հաջ Մանսուրը Հետազոտությունների և երկխոսության սիրիական կենտրոնի տնօրենն է: Նա քաջատեղյակ է քուրդ-թուրքական հարաբերություններին, ծանոթ է քրդական ղեկավարության մտածելակերպին։ «Վերջին տարիներին միացյալ Քրդստանի գաղափարը սկսեց քայքայվել,- Ղամիշլիի իր գրասենյակում ինձ հետ զրույցում ասում է նա։- Դա քուրդ առաջնորդներին ավելի իրատես դարձրեց հնարավոր քաղաքական փոփոխությունների վերաբերյալ այն պետության ներսում, որում նրանք ապրում են»: Նա ասում է, որ Հյուսիսարևելյան Սիրիայում այսօր հակասական իրավիճակ է. այն գտնվում է քրդերի քաղաքական և ռազմական գերիշխանության ներքո, սակայն տարածաշրջանն այսօր բնակեցված է մեծամասամբ արաբներով։ «Քրդերը չեն ունենա անկախ պետություն [Սիրիայում], բայց եկեք մտածենք, թե ինչպես հասնել կայունության՝ շարունակական պատերազմի փոխարեն»: Այնուհետև նա անակնկալ կերպով ավելացնում է. «PKK-ի ղեկավարներն ասում են՝ եթե Թուրքիան լուծի քրդական խնդիրը, նա կդառնա գերիշխող ուժը ողջ Մերձավոր Արևելքում»։ Բայց հարց է ծագում. «Թուրքիան պատրա՞ստ է ինչ-որ բան տալ քրդերին, թե՞ ոչ»:

Հասաքայի բանտի վրա ԴԱԻՇ-ի հարձակումը, որը սկսվեց հունվարի 20-ին և տևեց տասը օր, ևս մեկ անգամ հիշեցրեց Սիրիայի արևելյան անապատում առկա վտանգների մասին։ Դրա համար շատ թանկ գին վճարվեց․ հարձակման ժամանակ զոհվեց «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի 154 մարտիկ, որոնց մեծ մասը բանտապահներ էին, ինչպես նաև ԴԱԻՇ-ի մի քանի հարյուր գրոհայիններ և բանտարկյալներ: Այնուամենայնիվ, այս հարձակումը քաղաքականապես ամրապնդեց քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի կարևորությունը արևմտյան տերությունների աչքերում՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ։

Առայժմ ո՛չ քաղաքական երկխոսություն է ընթանում Ինքնավար Վարչակազմի և նրան շրջապատող երկու հիմնական ուժերի՝ Դամասկոսի և Անկարայի միջև, ո՛չ էլ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նման «մեծ տերությունները» այնպիսի վիճակում են, որը նրանց թույլ կտա այլ բան, քան համակեցություն մասնատված ու ավերված մի երկրում։ Քանի որ քաղաքականությունը չի կարողանում լուծել այդ հսկայական խնդիրները, տեղ է բացվել ռազմական գործողությունների, հարձակումների և հակագրոհների համար՝ որպես կորցրած ժամանակը լրացնելու միակ այլընտրանք:

Վիգէն Չըթըրեանը դասավանդում է պատմություն և միջազգային հարաբերություններ Ժնևի համալսարանում և Ժնևի Վեբսթեր համալսարանում։ Չըթըրեանը բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ է։