Սիրիայի դեսպան Նորա Արիսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Միրզոյանին

Հունիսի 2-ին Հայաստանում Սիրիայի նորանշանակ դեսպան Նորա Արիսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

«Նախարար Միրզոյանը շնորհավորել է Նորա Արիսյանին և վստահություն հայտնել, որ նա իր դիվանագիտական գործունեությունը կծառայեցնի հայ-սիրիական հարաբերությունների շարունակական զարգացմանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը։ Զրուցակիցները մեծապես արժևորել են փոխադարձ համակրանքի և վստահության վրա հիմնված երկու ժողովուրդների ավանդական, բարեկամական կապերը։ Այս առումով ընդգծվել է սիրիահայ համայնքի ունեցած դերը»,- ասված է հաղորդագրությունում։

Արիսյանը և Միրզոյանն անդրադարձ են կատարել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-սիրիական համագործակցության ամրապնդման հեռանկարներին։

***

Մայիսի 10-ին Սիրիայի նախագահի հրամանագրով Հայաստանում Սիրիայի դեսպան է նշանակվել ազգությամբ հայ Նորա Արիսյանը։

Նորա Արիսյանը ծնվել է 1967 թվականին Դամասկոսում։ Նա բանասեր է, գրող, թարգմանիչ։

2001-ին թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում։

Արիսյանը աշխատել է Սիրիայում Հայաստանի դեսպանությունում որպես մամուլի պատասխանատու և թարգմանիչ, ապա նաև Սիրիայի մշակույթի նախարարությունում՝ որպես թարգմանիչ և խորհրդատու։

Նորա Արիսյանը նաև Սիրիայի խորհրդարանի պատգամավոր է եղել։