Պատգամավորի կողմից կեղծ հայտարարագիր ներկայացնելու գործով դատախազության բողոքը բավարարվել է

Հրանտ Դավթյանը

Վերաքննիչ դատարանը բավարարել է գլխավոր դատախազության բողոքը, որը վերաբերում էր «Բարգավաճ Հայաստան»-ի նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանի և նրա որդու՝ Արսեն Դավթյանի կողմից կեղծ հայտարարագիր ներկայացնելուն։

2018-ին «Հետք»-ը ներկայացրել էր Դուբայում շքեղ բնակարաններ ունեցող անձանց մասին հետաքննություն, ըստ որի՝ Հրանտ Դավթյանը Դուբայի Al Sahab 24-հարկանի համալիրում բնակարան ուներ։ Սյս գույքը Դավթյանը թաքցրել էր ու իր հայտարարագրում չէր նշել դրա մասին։

2020-ի ապրիլին Հատուկ քննչական ծառայությունը հարուցված քրեական գործով մեղադրանք էր առաջադրել Հրանտ Դավթյանին ու նրա որդուն՝ պաշտոնատար անձի ու նրա հետ փոխկապակցված անձանց կողմից գույքի, ունեցվածքի, եկամուտների հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու համար։ Ըստ ՀՔԾ-ի՝ Հրանտ Դավթյանը չէր հայտարարագրել նաև Վաղարշապատում սեփականությամբ իրեն պատկանող բնակարանների ու հողամասերի տվյալներ, իսկ որդին՝ Արսեն Դավթյանը, չէր հայտարարագրել ավտոմեքենայի ձեռքբերման ու վաճառքի մասին տվյալները։ Կեղծ հայտարարագրի գործը հասել էր դատարան, բայց անցած նոյեմբերի 10-ին դադարեցվել էր քրեական հետապնդումը Հրանտ Դավթյանի ու նրա որդու դեմ՝ «իրադրության փոփոխության հիմքով»։ Դատարանը նկատի էր ունեցել, որ Հրանտ Դավթյանը դադարել էր պաշտոն զբաղեցնել։

Առաջին ատյանի դատարանի այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր վերաքննիչում։ Ըստ «Դատալեքս»-ի՝ հունվարին, մարտին, մայիսին նշանակվել էին դատական նիստեր, որոնք սակայն չէին կայանում, քանի որ մի դեպքում դատավոր Անդրանիկ Մնացականյանը խորհրդակցական սենյակում էր գտնվել ու չէր կարողացել մանսակցել նիստին, մեկ այլ դեպքում նա գտնվել էր արձակուրդում։

Հունիսի 3-ին կայացած նիստում, ըստ դատախազության, հիմնավորվել է, որ իրադրության փոփոխություն առկա չէ, Հրանտ Դավթյանը 2021թ. տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում կրկին առաջադրել էր իր թեկնածությունը, ինչպես նաև ներկայացրել է 2020-2021թթ. հայտարարագիր։ Դրանով արդեն իսկ փաստվում է, որ իրադրության կայուն փոփոխություն տեղի չի ունեցել, վերջինս կամ նրա հետ փոխկապակցված անձը վերջնականապես զրկված չեն եղել հասարակական հարաբերություններին նույնանման վնաս պատճառելու հնարավորությունից:
Գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար։ Հրանտ Դավթյանը ԲՀԿ-ի պատգամավոր դարձավ 2012-ին, իսկ 2017-ին «Ծառուկյան» դաշինքի կազմում նորից անցավ խորհրդարան։

Մեկնաբանել