«Հոսող աղետ»՝ Կապանի կենտրոնում

Կապանի փողոցներով հոսում են պղնձագույն գետակներ: Բնապահպանական այդ աղետը արտադրական վթարի արդյունք է: Գետակները, ըստ տեղացիների, Կավարտի հանքարդյունաբերական հանքի արտահոսքի հետևանքով են ձևավորվել։

Արտադրական վթարի հետևանքով հանքուղուց հոսող ջրերը ողողել են Դավիթ Բեկ փողոցը, հասել մայրուղի՝ անցնելով բնակելի շենքերի բակերով և այդպես հոսում՝ ուր պատահի։

Տեղացիների խոսքով՝ արտահոսքը հասնում և թափվում է Ողջի գետը։ Ծանր մետաղներով հարուստ հոսքաջրերը տարբեր եղանակներով խառնվում են մակերևութային և գրունտային ջրերին՝ դառնալով դանդաղ գործողության ռումբ շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար։ Կապանցիներին մտահոգում է այն, որ այս թունավոր, ծանր մետաղներով հարուստ ջրերը հոսելով՝ կարող են հասնել մինչև անգամ խմելու ջրի ակունքներին։

Պղնձագույն արտահոսքը խիստ մտահոգել է նաև բնապահպաններին: Նրանք նշում են՝ որտեղ տարածվի արտահոսքը, բուսականությունը կչորանա, և կվերանա կենդանական աշխարհը: Ծանր մետաղները, ներծծվելով հողի մեջ, թույլ չեն տալիս այդ հատվածում բույսերի աճ:

Կավարտի հանքը հայտնի է որպես պղնձի արդյունահանման և ձուլման կենտրոն, սակայն պատասխանատուների մասին ստույգ տվյալներ չկան: Ըստ տեղացիների՝ այն չշահագործվող հանք է։

Արմինե Սիմոնյան, Գորիս

Մեկնաբանել