Անընդունելի է հայ ռազմագերիների և Արցախ մարդասիրական հասանելիության հարցերի քաղաքականացումը․ Միրզոյան

2020-ին ԼՂ հակամարտությունը ուժի կիրառմամբ լուծելու փորձ կատարելով, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ իր իսկ ստանձնած պարտավորությունները։ Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Այս հանգամանքը պետք է համարժեք արձագանքի արժանանա Եվրոպայի խորհրդի և անդամ երկրների կողմից»,- նշել է ԱԳՆ ղեկավարը։

Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ․ «Այս համատեքստում հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների ապահովման ու ԼՂ կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը»։

«Արցախի ժողովուրդն ունի նույն իրավունքներն ինչ բոլորը և հակամարտության գոտում գտնվելու հանգամանքն Արցախի հայերին չի կարող զրկել իրենց համընդհանուր հիմնարար իրավունքներից»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով մինչ օրս առկա են չլուծված հումանիտար խնդիրներ։ Մասնավորապես, նա անընդունելի է համարել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի և Արցախ մարդասիրական հասանելիության հարցերի քաղաքականացումը։

«Նույն կերպ անընդունելի են նաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունը, քաղաքացիական բնակչության ֆիզիկական և հոգեբանական ահաբեկումը: Կարծում ենք՝ հումանիտար և մարդու իրավունքներին վերաբերող այս հարցերում Եվրոպայի խորհուրդը, կազմակերպության համապատասխան մարմինները և ղեկավարները պետք է առավել հաստատակամ գտնվեն և հնարավոր բոլոր ջանքերը գործադրեն, որպեսզի հարգվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդունված միջանկյալ որոշումները, ԵԽԽՎ բանաձևերը և Մարդու իրավունքների հանձնակատարի՝ 2021թ. նոյեմբերի 8-ի հուշագրի դրույթները»,- նշել է Միրզոյանը։

Մեկնաբանել