Բազմահազարանոց ցույց Թբիլիսիում` հօգուտ ԵՄ անդամակցության

բազմահազարանոց ցույցեր թբիլիսիում

Հունիսի 20-ին տասնյակ հազարավոր վրացիներ հավաքվել էին խորհրդարանի մոտ: Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media.

OC Media

Հունիսի 20-ին տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել էին Թբիլիսիի կենտրոնում՝ մասնակցելու հօգուտ ԵՄ անդամակցության ցույցին, որը երկրում վերջին ժամանակների ամենամեծ ցույցն է:

Ցույցը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ուրբաթ Եվրահանձնաժողովը առաջարկեց մերժել Վրաստանի ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակը՝ միաժամանակ հաստատելով Մոլդովայի և Ուկրաինայի դիմումները: Հանձնաժողովը, նախքան թեկնածությունը կրկին քննարկելը, առաջարկել է Վրաստանին պայմաններ առաջադրել՝ ելնելով արևմտյան երկրների՝ Վրաստանի կառավարության ժողովրդավարական հետընթացի շուրջ աճող քննադատություններից:

Ցույցը կազմակերպել էր Shame լիբերալ խմբավորումը, որը ցույցի ժամանակ հայտարարեց, որ ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գլխավոր խոչընդոտը իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին է։

Ցուցարարները հայտարարեցին, որ ձևավորում են շարժում՝ կազմված քաղաքացիական հասարակության խմբերից, լրատվամիջոցներից, ընդդիմադիր կուսակցություններից, ուսանողական խմբերից և արհմիություններից, որը պահանջների ցուցակ կներկայացնի կառավարությանը: Ըստ նրանց՝ եթե այդ պահանջները չկատարվեն, իրենք կնախաձեռնեն համազգային քաղաքացիական անհնազանդության զանգվածային արշավ։

Եվրախորհրդարանի մի քանի անդամներ ցուցարարներին դիմեցին նախապես ձայնագրված աջակցության հաղորդագրություններով, որոնցից ոմանք թիրախավորում էին Վրաստանի կառավարությանը:

Եվրախորհրդարանի լիտվացի պատգամավոր Ռասա Յուկնևիչիենեն մեղադրել է Վրաստանի կառավարությանը, որն «[ամեն ինչ անում է], որպեսզի ԵՄ հանձնաժողովի հանձնարարականը բարենպաստ չդարձնի»: Նա կոչ արեց «հիշել այն մարդկանց, որոնք Վրաստանին հետ մղեցին դեպի Ռուսաստան», երբ կանգնած էին քվեատուփի մոտ։

Ցույցեր են անցկացվել նաև Բաթումիում, Քութայիսիում, Զուգդիդիում և եվրոպական ութ քաղաքներում՝ Լոնդոնում, Պրահայում, Հանովերում, Փարիզում, Բուդապեշտում, Բեռլինում, Համբուրգում և Ռեյկյավիկում։

Կազմակերպիչները հայտնել են, որ ևս մեկ ցույց կանցկացվի ուրբաթ, երբ ԵՄ անդամ երկրների ղեկավարները պետք է վերջնական որոշում կայացնեն Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի դիմումների վերաբերյալ։

Ցույցն արժանացել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության քննադատությանը: Ցույցի մասին հայտարարելուց հետո մի քանի կուսակցական առաջնորդներ կրկնել են այն պնդումները, որ դա կազմակերպված է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից:

«Այս հանրահավաքը համազգային շարժման հանրահավաք է. պետք է իրերն իրենց անունով կոչել։ Մարդիկ տեսնում և հասկանում են ամեն ինչ։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ իրենք ինչ-որ քարոզչությամբ մոլորեցնում են հանրությանը, ապա մեծապես սխալվում է»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Վրաստանին՝ ոչ, Ուկրաինային և Մոլդովային՝ այո

Ուրբաթ իր առաջարկություններում ԵՄ-ն մի շարք պայմաններ է ներկայացրել, որոնք պետք է կատարի Վրաստանը, նախքան ԵՄ-ն կքննարկի երկրի անդամակցության հայտը վերանայելու հարցը:

Պայմանների թվում են դատական համակարգի և հակակոռուպցիոն մարմինների բարեփոխումը՝ ապահովելու նրանց անկախությունը, պաշտպանելով մամուլի ազատությունը և «ապաօլիգարխացում»։

Համարվում է, որ սա ակնարկ է «Վրացական երազանքի» միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին: Կառավարության քննադատները պնդում են, որ Իվանիշվիլին, որը պետական որևէ պաշտոն չի զբաղեցնում, անհարկի ազդեցություն ունի կառավարության վրա:

Ավելի վաղ՝ հունիսին, Եվրախորհրդարանի ընդունած խիստ բանաձևը կոչ էր անում ԵՄ-ին դիտարկել Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ Վրաստանի քաղաքականության և տնտեսության մեջ նրա «կործանիչ դերի» համար:

Իշխող կուսակցությունը պնդել է, որ օլիգարխներ ասելիս խոսվում է «Ֆորմուլա» անկախ հեռուստաալիքի բաժնետեր Դավիթ Կեզերաշվիլիի և Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մասին, որը ներկայում բանտում է։

Ի պատասխան իշխող կուսակցության՝ երկուշաբթի օրվա բողոքի ցույցին ուղղված իր պնդումներին, Եվրախորհրդարանի պատգամավոր Ռասա Յուկնևիչիենեն ասաց, որ «բոլորը լավ գիտեն, թե որ օլիգարխի մասին է խոսում [Եվրահանձնաժողովը]»։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել