Ռուսաստանն այլևս հետաքրքրված չէ Մինսկի խմբի ձևաչափի պահպանմամբ

Լուսանկարը՝ արխիվային

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական ու եվրասիական հարցերով տեղակալ Քարեն Դոնֆրիդը հունիսի 20-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չեն կասեցրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը և պատրաստ են համագործակցել Ռուսաստանի հետ այդ ձևաչափում:

Դոնֆրիդի այս հայտարարությունները խիստ ուշագրավ են: Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Արևմուտքը վարում է բոլոր ուղղություններով Ռուսաստանի տոտալ մեկուսացման քաղաքականություն: Այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները հայտարարում են, որ պատրաստ են Ղարաբաղյան հակամարտության պարագայում բացառություն անել և աշխատել Ռուսաստանի հետ, չափազանց հետաքրքրական է:

Մոսկվան, կարծես թե, պիտի ողջուներ Դոնֆրդի այս հայտարարությունը: Այնուամենայնիվ, Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունիսի 22-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում կասկածի տակ է դրել ԱՄՆ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Մոսկվայի հետ աշխատելու պատրաստակամության մասին հայտարարության անկեղծությունը:

Զախարովան, մասնավորապես, նշել է. «Եթե Վաշինգտոնը և Փարիզը իսկապես կարևոր համարեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների յուրահատուկ միջնորդական ձևաչափը, ապա չէին անտեսի ԵԱՀԿ-ի բոլոր մասնակից պետությունների կողմից հաստատված մանդատը և փետրվարի 24-ին ցուցադրաբար, առանց որևէ խորհրդակցության, չէին խզի կապերը Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ: Դրանով եռանախագահների աշխատանքին անդառնալի վնաս է հասցվել»:

Հիշեցնենք, որ դեռ ապրիլի 8-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան չեղարկել են Մինսկի խմբի եռանախագահությունը և հրաժարվել են շփվել Ռուսաստանի հետ այդ ձևաչափով: Լավրովը եզրահանգել էր, որ Վաշինգտոնն ու Փարիզը պատրաստ են զոհաբերել Ղարաբաղյան խնդրի կարգավորումը, ինչպես նաև Կովկասի ու հայկական կողմի շահերը:

Պետք է նշել, որ Ռուսաստանը 1990-ական թվականների սկզբից բավականին սկեպտիկ վերաբերմունք է ունեցել Մինսկի խմբի նկատմամբ: Մոսկվան այդ ձևաչափը ի սկզբանե դիտարկում էր որպես գործիք, որի միջոցով Արևմուտքը փորձում էր ապահովել սեփական ներգրավվածությունն ու ազդեցությունը Հարավային Կովկասում: Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում Մինսկի խմբի ձևաչափի և Ռուսաստանի միջնորդական առաքելութան միջև լուրջ մրցակցություն գոյություն ուներ: Այդ երկու միջնորդական առաքելությունների լարված հարաբերությունները լավ նկարագրված են Մինսկի խմբում Ռուսաստանի ներկայացուցիչ (հետագայում նաև` ՄԽ համանախագահ), ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գրքում:

Հայտնի է, որ Ռուսաստանը դեմ է եղել նաև Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներդրմանը: Այդ մասին իր հուշերում գրում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Մինսկի խմբի համանախագահություն ստեղծելու որոշումը կայացվել է 1994 թվականի ԵԱՀԽ Բուդապեշտի գագաթաժաղովում: Օսկանյանը նշում է, որ Ռուսաստանը դեմ էր համանախագահության ինստիտուտի ներդրման գաղափարին, քանի որ Մոսկվան այդ շրջանում ղարաբաղյան բանակցություններում միջնորդական մենաշնորհ ուներ և չէր ցանկանում զիջել այն: Ըստ Օսկանյանի՝ Կազիմիրովը ցանկանում էր, որ Հայաստանը դեմ արտահայտվի Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությանը, ինչի արդյունքում այդ հարցը կհանվեր գագաթաժողովի օրակարգից:

Ռուսաստանը հայ-ադրբեջանական համատեքստում մենաշնորհային դիրք էր ստանձնել նաև Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո: Այնուամենայնիվ, պատերազմին հաջորդած շրջանում Ռուսաստանը կողմ էր արտահայտվում Մինսկի խումբը ինչ-որ տեսքով պահպանելու գաղափարին: Մոսկվան գտնում էր, սակայն, որ այդ կառույցը պետք է երկրորդական դերակատարություն ունենա բանակցային գործընթացում և կենտրոնանա հումանիտար հարցերի վրա: Ռուսաստանի համար Մինսկի խումբը ուկրաինական պատերազմից առաջ միջազգային լեգիտիմության կարևոր աղբյուր էր, ինչպես նաև` Արևմուտքի հետ փոխգործակցելու հավելյալ ձևաչափ:

Ռուս-ուկրաինական պատերազմի բռնկումից հետո իրավիճակը փոխվեց: Դոնֆրիդի ու Զախարովայի վերոնշյալ հայտարարություններից հետո կարելի է վերջնականապես արձանագրել, որ Ռուսաստանը այլևս հետարքրված չէ Մինսկի խմբի ձևաչափի գոյությամբ: Մոսկվայի դիրքորոշման մեջ այս փոփոխության պատճառն այն է, որ Արևմուտքի հետ այս աննախադեպ դիմակայության պայմաններում ռուսներին քիչ է հետաքրքրում միջազգային լեգիտիմության հարցը: Ավելին, այս փուլում Ռուսաստանը նպատակ է դրել նվազագույնին հասցնել արևմտյան ազդեցությունը Հարավային Կովկասում: Իսկ Մինսկի խումբը, ինչպես արդեն նշվել է, Մոսկվայում մշտապես դիտարկվել է որպես Հարավային Կովկասում Արևմուտքի ներգրավվածությունը ապահովող ձևաչափերից մեկը:

Այս նոր իրողությունները Մինսկի խմբի ապագան է՛լ ավելի մշուշոտ են դարձնում: Եթե Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում առկա միտումները չփոխվեն, Մոսկվան իր գերնպատակն է դարձնելու արևմտյան ազդեցության չեզոքացումը Հարավային Կովկասում: Այս խնդիրը Ռուսաստանը փորձելու է իրականացնել տարածաշրջանային այլ ուժային կենտրոնների հետ համագործակցությամբ: Ամենայն հավանականությամբ, մոտակա շրջանում լուրջ ջանքեր են գործադրվելու «3+3» ձևաչափի ակտիվացման ուղղությամբ:

Մինսկի խմբի համանախագահության վերականգնման հնարավորություն կարող է ստեղծվել, եթե Ռուսաստանն ու Արևմուտքը կարողանան առկա հիմնարար խնդիրների շուրջ որոշակի համաձայնության գալ կամ միմյանց հետ խաղաղ գոյակցության նոր բանաձև գտնել: Այնուամենայնիվ, իրադարձությունների զարգացման այս տարբերակը քիչ հավանական է մոտ ապագայում: Այդ առումով Հայաստանը իր արևմտյան գործընկերների հետ շփումներում պետք է շեշտը դնի ոչ թե Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի, այլ ինքնին Մինսկի խմբի պահպանման կարևորության վրա:

Մեկնաբանել