Ապաշրջափակման գործընթացում ուրվագծվում է ավտոմոբիլային տեղաշարժի կազմակերպման ընդհանուր ըմբռնումը․ Լավրով

«Ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը, մեր գնահատմամբ, որոշակի առաջընթաց է արձանագրում: Հարցերը, որոնք պետք է համաձայնեցվեն, մենք քննարկում ենք հայկական կողմի հետ»։ Այս մասին հունիսի 23-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Մեզ մոտ ուրվագծվում է ընդհանուր ըմբռնում, թե ինչպես առավելագույն հարմարավետ եղանակով լուծել ավտոմոբիլային տեղաշարժի կազմակերպման խնդիրը, որպեսզի ոչ մի արհեստական խոչընդոտներ չստեղծվեն։ Ռուսաստանը կնպաստի այդ աշխատանքին։ Հուսով եմ, որ դա շուտով տեղի կունենա»,- նշել է Լավրովը։

ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է աջակցել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվող սահմանազատման գործընթացին։

«Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական ծառայություններ մատուցել երկու հանձնաժողովներին, որոնք ստեղծվել են Ադրբեջանի և Հայաստանի կողմից՝ սահմանների սահմանազատման համար։ Հստակ առաջարկ կա այդ առնչությամբ»,- ասել է Սերգեյ Լավրովը։

***

Հունիսի 9-ին Երևանում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցական ուղիները գործելու են «պարզեցված ռեժիմով», սակայն հայկական տարածքների նկատմամբ Երևանի ինքնիշխանության առնչությամբ որևէ երկիմաստություն լինել չի կարող։

Մեկնաբանել