Ոստիկանության զորքերը երկիրը, ժողովրդին ոտնձգություններից պաշտպանելու գործառույթն արել են բարձր մակարդակով. Փաշինյան

Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն:

Կառավարության ղեկավարը նախ եղել է Հավերժության պուրակում, որը հիմնվել է ի հիշատակ Ոստիկանության զորքերի նահատակված հերոսների: Այգու երկարությունը 44 մետր է, որը խորհրդանշում է Արցախյան 44-օրյա պատերազմը

Վարչապետը ծանոթացել է նաև ոստիկանության զորքերի տեխնիկական միջոցներին։

«Ոստիկանության զորքերը, ըստ էության, ձևավորվել են որպես Հայաստանի զինված ուժերի առաջին կանոնավոր ստորաբաժանում: Այդ ընթացքում Ոստիկանության զորքերի ծառայողներն իրենց նպաստն են բերել Հայրենիքի անվտանգության և սահմանների պաշտպանության գործին: Ես ևս մեկ անգամ գլուխ եմ խոնարհում Հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած Ոստիկանության զորքերի նահատակված ծառայողների հիշատակի, նրանց ընտանիքների, հարազատների, զավակների և ծնողների առաջ: Պիտի արձանագրենք, որ մեր նահատակների առաջ մեր ունեցած ամենամեծ պարտքը Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, հայկական պետականությունը պահպանելն է, պաշտպանելն է, զարգացնելն է և հետագա սերունդներին փոխանցելը:

Ոստիկանությունը, ինչպես ցանկացած պետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ողնաշարն է: Եվ պիտի արձանագրեմ, որ Ոստիկանության զորքերը, եթե ավելի ճշգրիտ արտահայտվենք, հենց Ոստիկանության ողնաշարն է: Շատ ուրախ եմ արձանագրել, որ մեր Ոստիկանությունը՝ ընդհանուր առմամբ, և Ոստիկանության զորքերը՝ մասնավորապես, անընդհատ և հետևողականորեն ցույց են տալիս իրենց ամրությունը, իրենց վճռականությունը, հաստատակամությունը և նվիրվածությունը ՀՀ իրավակարգին, Սահմանադրությանը և ժողովրդին: Ընդհանրապես, այն գործառույթը, որն իրականացնում են իրավակարգի ապահովման ուժերը, այդ գործառույթի նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել, որովհետև ձեր գործառույթն է՝ երկիրը, ժողովրդին պաշտպանել ապօրինի ոտնձգություններից: Պիտի արձանագրեմ, որ Ոստիկանության զորքերը, Ոստիկանությունը՝ ընդհանուր առմամբ, իրենց այս գործառույթը կատարել են բարձր մակարդակով և ճշգրտորեն»,- իր ելույթում ասել վարչապետը:

Մեկնաբանել