ԱԺ վարչական պաշտոնները մեզ համար ինքնանպատակ չեն․ հայտարարություն

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից հետ կանչելուց հետո ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ «ԱԺ վարչական պաշտոնները իրենց համար ինքնանպատակ չեն»։ Խորհրդարանական ընդդիմությունը կարծում է, որ իշխանությունները մտահոգված են բացառապես պաշտոններով, «զուրկ՝ երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու որևէ հնարավորությունից»։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Ինչպես արդեն հայտնի է՝ օրվա իշխանությունները ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից հետ կանչելու որոշումներ ընդունեցին։

Իրավիճակը աբսուրդային է նրանով, որ դա կատարվում է հանրությանն առկա անվտանգային մարտահրավերներից, պատերազմի՝ իրենց իսկ կողմից հայտարարված հնարավոր սպառնալիքից, Բերձորի խնդրից, նոր զիջումներից, ռազմագերիների՝ մինչ օրս հայրենիք չվերադարձնելու խնդրից շեղելու համար:

Խորհրդարան գնալու առաջին իսկ օրվանից հայտարարել էինք, որ ԱԺ վարչական պաշտոնները մեզ համար ինքնանպատակ չեն, ընդդիմադիր գործունեությանը օժանդակելու գործիք են, ինչը բխում է Սահմանադրությունից ու ժողովրդի կողմից տրված քվեից:

Փաստ է, որ օրվա իշխանությունները տևական ժամանակ է ջրբաժան են գծել Սահմանադրությունից, Անկախության հռչակագրից ու օրինականությունից առհասարակ: Այս և դրան նախորդած վարքագիծը կայուն բռնապետության ցուցիչ է, ինչն աննախադեպ է, մյուս կողմից էլ Հայաստանում ավելի է խորանում քաղաքական ճգնաժամը:

Միջազգային հանրությունը, չնայած պարլամենտարիզմի ակնհայտ նահանջին, համառորեն փորձում է չնկատել առկա իրավիճակը, մինչդեռ իշխանության այսպիսի վարքագծին պետք է հետևեր կտրուկ և անմիջական արձագանք:

Այս վարքագծով օրվա իշխանությունները ևս մեկ անգամ հաստատում են, որ իրենք մտահոգված են բացառապես պաշտոններով, զբաղված՝ հետապնդումներով, զուրկ՝ երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու որևէ հնարավորությունից, չունեն լեգիտիմություն, չեն ներկայացնում Հայաստանի ու Արցախի շահերն, իսկ այս պայմաններում հեռացումն անխուսափելի է»,- ասված է հայտարարությունում։

***

Այսօր՝ հուլիսի 1-ին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փակ, գաղտնի քվեարկությամբ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին ու տնտեսական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին զրկեց խորհրդարանում զբաղեցրած պաշտոններից։ Սաղաթելյանի ու Հակոբյանի պաշտոնանկության համար հիմք է հանդիսացել մեկ նստաշրջանից ընթացքում նրանց կողմից բացակայությունների մեծ թիվը։ Սաղաթելյանը 342 քվեարկություններից ունեցել է 198 բացակա, իսկ Հակոբյանը՝ 192:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմությունը մայիսի 2-ից փակել էր Ֆրանսիայի հրապարակը։ Ընդդիմադիրները նստացույցին զուգահեռ անհնազանդության ակցիաներ, հանրահավաքներ էին իրականացնում Երևանում և մարզերում։ Ակցիաներին մասնակցում էին ինչպես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներ, այնպես էլ այլ խմբեր ու քաղաքացիներ։ Ընդդիմությունը նշում է, որ «Նիկոլ Փաշինյանը չունի Հայաստանը նոր զիջումների տանելու մանդատ և պետք է հրաժարական տա»։

Հունիսի 14-ին «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ «ընդդիմությունը վաղվանից հավաքում է Ֆրանսիայի հրապարակի վրանները»։ Ընդդիմադիրները, Սաղաթելյանի խոսքով՝ որոշել են վերափոխման ենթարկել շարժման կառուցվածքը և բովանդակությունը՝ «շարժման ներուժը մեծացնելու, հարթակն ընդլայնելու» համար։ «Անհրաժեշտ է ինստիտուցիոնալ բնույթ հաղորդել շարժմանը, ինչպես նաև ցանցային բնույթ հաղորդել»,– ասել է Իշխան Սաղաթելյանը։

Նստացույցն ավարտելուց հետո էլ ընդդիմադիրների ԱԺ չվերադառնալուց հետո՝ հունիսի 16-ին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիրը» քննարկում է ընդդդիմադիր որոշ պատգամավորներին մանդատներից զրկելու կամ վարչական պաշտոններից (հանձնաժողովների նախագահներ, ԱԺ փոխնախագահ) հետ կանչելու հարցը։

Ութերորդ գումարման Ազգային ժողովում ընդդիմության ներկայացուցիչները ղեկավարում են երեք հանձնաժողով։ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն է, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը՝ «Հայաստան» խմբակցությունից Արմեն Գևորգյանը, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը՝ Վահե Հակոբյանը՝ կրկին «Հայաստան» խմբակցությունից։ Ընդդիմության ներկայացուցիչներից Իշխան Սաղաթելյանն էլ զբաղեցնում էր ԱԺ փոխնախագահի պաշտոնը։

Մեկնաբանել