Հայաստանում անպտղության ցուցանիշը 16,8 տոկոս է

Հայաստանում անպտղության ցուցանիշը 16,8% է։ Այս ցուցանիշը բարձր է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաստատած սահմանային ցուցանիշից, և ՀՀ-ում խնդիրը ոչ թե բժշկակենսաբանական է, այլ սոցիալ-բժշկական:

«Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպությունը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ 2020-21 թթ.-ին իրականացրել է «Անպտղության տարածվածությունը ՀՀ բնակչության շրջանում» հետազոտություն։ Հարցմանը մասնակցել է վերարտադրողական տարիքի 3000 անձ (1 532 տղամարդ, 1 468 կին) Երևանից և ՀՀ բոլոր մարզերից:

«Առաջնային անպտղություն ունի հարցվողների 1,7%-ը: Դրանք այն զույգերն են, որոնք անցյալում երեխա չեն ունեցել և 12 կամ ավել ամիս կանոնավոր, անպաշտպան սեռական հարաբերությունների պարագայում չեն հասել հղիության: Երկրորդային անպտղություն ունի հարցվողների 15,1%-ը: Դրանք այն զույգերն են, որոնք անցյալում ունեցել են առնվազն 1 երեխա, սակայն վերջին 12 կամ ավել ամիս կանոնավոր, անպաշտպան սեռական հարաբերությունների պարագայում չեն հասել հղիության»,- ասված է հետազոտությունում։

Կին հարցվողների շրջանում անպտղությունը կազմել է 14,3%, իսկ տղամարդ հարցվողների շրջանում անպտղությունը կազմել է 19,8%։ Եթե նախորդ ուսումնասիրության համեմատ կանանց անպտղության ցուցանիշը նվազել է՝ 16,8%-ից դառնալով 14,3%, ապա տղամարդկանց դեպքում այդ ցուցանիշը մոտ քառակի աճել է (նախկինում՝ 5,1%)։

«Երբևէ սեռական հարաբերություն ունեցած հարցված կանանց 86%-ը և տղամարդկանց 81%-ը կա՛մ ընդհանրապես չեն պլանավորում կա՛մ մոտ ապագայում չեն պլանավորում երեխաներ ունենալ: Միևնույն ժամանակ, կանանց 36,0%-ը և տղամարդկանց 48,0%-ը համարում է, որ ունի պլանավորածից քիչ երեխա։ Կանանց շրջանում երեխա ունենալ չցանկանալու հիմնական պատճառներն են տարիքը (21,7%), իր կամ ամուսնու առողջական խնդիրները (15,6%), ֆինանսական դժվարությունները (15,0%) և արդեն ծրագրած թվով երեխաներ ունենալը (14,7%)։ Տղամարդկանց շրջանում երեխա ունենալ չցանկանալու հիմնական պատճառներն են տարիքը (27,1%), ֆինանսական դժվարությունները (14,8%), ծրագրած թվով երեխաներ ունենալը (13,7%), երկրի անկայուն վիճակը (9,1%): Պատճառների ընդամենը մոտ 9%-ն է վերաբերում իր կամ կնոջ առողջական խնդիրներին»,- նշված է հետազոտության մեջ։

Ըստ ուսումնասիրության՝ կին հարցվողների 50%-ը, իսկ տղամարդ հարցվողների 54%-ը երբեք չեն օգտագործել ժամանակակից բեղմնականխման միջոցներ:

Հետազոտությունում ասվում է նաև, որ երբևէ հղիացած կին հարցվողների 46%-ն իր կյանքի ընթացքում երբևէ դիմել է հղիության արհեստական ընդհատման․ «Աբորտի հիմնական պատճառներն են եղել արդեն ծրագրած թվով երեխաներ ունենալը կամ երեխա ավելի ուշ ունենալ ցանկանալը (36%) առողջության/կյանքի համար վտանգը (22%), նյութական դժվարությունները (21%)։ Պտղի անցանկալի սեռը որպես պատճառ նշվել է պատասխանների 8%-ում, ընդ որում 7%-ը նշել է աղջիկ չուզելը, 1%-ը՝ տղա չուզելը»։