Հայտնի չէ, թե Ծիծեռնակաբերդի խճուղին ամբողջությամբ երբ կվերականգնվի

Հովհաննես Նազարեթյան #CivilNetCheck

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մայիսի 24-ի ավագանու նիստում հայտարարել էր, որ Ծիծեռնակաբերդի խճուղին, որի մի հատվածը փլուզվել էր մայիսի 20-ին, կվերաբացվի «այն տրամաբանությամբ, ինչ որ կար մինչև փլուզումը»։

«Համաձայնություն կա, որ շինարարի կողմից երկու հերթափոխով աշխատանքներ կիրականացվի, միջնաշերտն ամբողջությամբ կամրացվի և կբացվի արդեն երթևեկության համար՝ այն տրամաբանությամբ, ինչ որ կար մինչև փլուզումը։ Դրանից հետ արդեն ամբողջ երկայնքով կկառուցվի արգելապատնեշը»,- ասել էր նա։

Ժամկետների մասին ճշտող հարցին Սարգսյանը պատասխանել էր՝ կրկին հաստատելով, որ «կունենաք այն ճանապարհը, որը ունեինք մինչև փլուզումը»։

Վերակառուցվեց, բայց մասնակի

Ճանապարհահատվածի վերակառուցումը տևեց շուրջ 25 օր։ Խճուղին այդ ընթացքում փակ էր երթևեկության համար։ Այն վերաբացվեց հունիսի 13-ին։

Քաղաքապետարանի հայտարարության մեջ ասվում էր, որ խճուղու փլուզված ամբողջ հատվածը վերականգնված է։ Միևնույն ժամանակ նշվում էր, որ երթևեկությունը խնդրահարույց հատվածում ժամանակավորապես կիրականացվի երեք ուղեգծով՝ երկու լիարժեք ուղեգիծ Դալմա Գարդեն մոլից դեպի Մարզահամերգային համալիր և մեկը՝ համալիրից դեպի Դալմա Գարդեն մոլ:

«Վերջին հանգամանքը պայմանավորված է նրանով, որ Ծիծեռնակաբերդի խճուղուն զուգահեռ իրականացվող շինարարական աշխատանքներին համընթաց անհրաժեշտ է իրականացնել ամրաշինական միջոցառումներ՝ ապագայում համանման իրավիճակներից խուսափելու նպատակով»,- տեղեկացնում էր քաղաքապետարանը։

Այսինքն, մինչ այդ գործող չորս ուղեգծից բացվել էր միայն երեքը, ինչն էլ մտահգություններ և հարցեր էր առաջացրել։

Քաղաքապետարանը պարզաբանում է, բայց ժամկետ չի նշվում

#CivilNetCheck-ը քաղաքապետարանից փորձեց պարզել՝ ինչու, հակառակ քաղաքապետի հավաստիացումներին, բացվել է խճուղու միայն երեք ուղեգիծ։

Քաղաքապետարանից հայտնում են, որ մինչև ճանապարհահատվածի փլուզումը զառիթափին հարակից երթևեկելի գոտում հայտնաբերված ճաքերի պատճառով տվյալ տարածքը սահմանազատվել էր, իսկ երթևեկը մեկ գոտով պակասել էր: Շուրջ մեկ ամիս հետո տեղի ունեցավ փլուզումը: «Երևանի քաղաքապետը, խոսելով երթևեկության մասին, նկատի է ունեցել մինչև փլուզումը գոյություն ունեցող իրավիճակը»,- ասվում է պատասխանում:

Քաղաքապետարանը նաև հայտնել է, որ փլուզված հատվածի վերականգնման համար տևական ժամանակ է անհրաժեշտ և հստակ ժամկետ նշել՝ դեռ հնարավոր չէ, սակայն գործընթացը իրականացվելու է կառուցապատողի կողմից:

Ճանապարհահատվածի մասնակի վերակառուցումը իրականացրել է հարևանությամբ կառուցապատում իրականացնող «Սահակյանշին» ՓԲԸ-ն։

«Սահակյանշին» ընկերության կողմից Ծիծեռնակաբերդի խճուղու և Մոնթե Մելքոնյան փողոցի միջակայքում կառուցվող բազմաֆունկցիոնալ համալիրի նախատեսվող տեսքը

Փլուզման պատճառների և մեղավորների մասին կան տարբեր կարծիքներ։ Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մայիսի 24-ի ավագանու նիստում ասել էր, որ վերջնական եզրակացություն կտա փորձաքննությունը։ Իսկ մայիսի 27-ին Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (ՔՏՀԱՏՄ) հայտնել էր, որ փլուզման հարևանությամբ շինարարության նկատմամբ ստուգում է իրականացվում։

#CivilNetCheck-ը գրավոր հարցում է ուղարկել տեսչական մարմին՝ հասկանալու, թե ինչ է պարզվել ստուգումների արդյունքում։