Ինչ փուլում է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի շինարարությունը․ անդրադարձ Սյունիքից

Հայաստանը Արցախին կապող նոր, միակ այլընտրանքային ճանապարհի կառուցումը մեկնարկել է։ Ճանապարհը սկիզբ է առնում Սյունիքի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղի վերջնամասից։ Մեկ շաբաթից ավելի է՝ այս հատվածում անդադար աշխատում է շինտեխնիկան, կատարվում են հողային աշխատանքներ: Նշված ժամկետում ճանապարհը շահագործման հանձնելու նպատակով աշխատանքները կիրականացվեն երեք հատվածներով՝ երեք շինարարական կազմակերպությունների կողմից: Շինարարական աշխատանքներում ներգրավված է երկու շինարարական կազմակերպություն: Մոտ 12 կմ երկարություն և 12 մետր լայնություն ունեցող նոր ճանապարհն անցնելու է Արցախի Մեղվաձոր, Հին Շեն գյուղերով և միանալու է Ադրբեջանի կառուցած՝ Լաչինի միջանցքի այլընտրանքային երթուղուն։

Օգոստոսի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարեց, որ Լաչինի միջանցքի այլընտրանքային երթուղու՝ Հայաստանի տարածքում գտնվող հատվածի՝ Տեղ-Կոռնիձոր ճանապարհի կառուցումը կավարտվի մինչև գարուն։

Հայտարարվել է նաև, որ մինչև օգոստոսի 25-ը Բերձորի, Աղավնոյի, Սուսի բնակիչները պետք է լքեն իրենց բնակավայրերը, քանի որ նշված տարածքներն անցնում են Ադրբեջանին, ինչը նշանակում է, որ փակվելու է Արցախ տանող միակ երթուղին, որն անցնում էր հենց այդ գյուղերով։

Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասում է, որ մինչև այլընտրանքային ճանապարհի պատրաստ լինելը ժամանակավորապես նախատեսված է 4-կիլոմետրանոց երթուղի, որը գրունտային, դաշտամիջյան ճանապարհ է: Այն միանում է գործող մայրուղուն՝ Աղավնոյի հենց վերևի հատվածում:

Նոր երթուղին սկսվում է Տասը Վերստ բնակավայրից, ապա անցնում Մեծ Շեն, Հին Շեն և Քաշաթաղի շրջանի Աղանուս համայնքի վարչական տարածքով, հասնում մինչև ՀՀ սահման՝ Կոռնիձոր բնակավայր, նշում է Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը: Համայնքի ղեկավարը նախատեսում է նոր ճանապարհի շրջակայքի՝ Կոռնիձորի պահուստային ֆոնդի հողերից տրամադրել կոռնիձորցիներին, որպեսզի զբաղվեն բանջարանաբոստանային կուլտուրաների մշակությամբ և տեղում կարողանան վաճառել բերքը՝ նպաստելով տնտեսության զարգացմանը։ Համայնքի ղեկավարը նշում է, որ Տարածքային զարգացման հիմնադրամի ջանքերով շուտով կլուծվի նաև Կոռնիձորի ոռոգման ջրի հարցը՝ 160 մլն դրամ ներդրումով, որից 10-ը տոկոսը՝ համայնքի համաներդրման ծախսը, հոգալու է Երևանի քաղաքապետարանը։

Կոռնիձոր բնակավայրի վարչական ղեկավար Արշակ Կարապետյանի խոսքով՝ ճանապարհը լավ և վատ կողմեր ունի․ այն կարող է տնտեսապես զարգացնել գյուղը, բայց նաև անվտանգային խնդիրներ առաջացնել։ «Մեծ երթևեկը կնպաստի գյուղացիների բերքի և արտադրանքի իրացմանը, բայց և գյուղացիների մոտ, հնարավոր է, վախի մթնոլորտ ստեղծվի։ Այս պահին մտավախություն ունենք, բայց խուճապ չկա։ Պետք է շեն պահենք մեր գյուղը, մնանք, զարգացնենք ու մեծացնենք»։

Ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ երեք տարվա ընթացքում Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման համար պետք է նախագիծ հաստատվի։ Ադրբեջանն արդեն ավարտել է Լաչինի բնակավայրերը շրջանցող ճանապարհի շինարարությունը, իսկ հայկական կողմն այն նոր է սկսել` նախատեսելով ավարտել մինչև գարուն:

Արմինե Սիմոնյան, Գորիս

Մեկնաբանել