Մեկնած-ժամանածների վիճակագրությունը սխալ է ներկայացվում

Հովհաննես Նազարեթյան #CivilNetCheck

News.am լրատվական կայքը օգոստոսի 10-ին գրել է, որ այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստանը լքածների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 60 տոկոսով։

Այս հոդվածը վերատպել են armday.am և yerkir.am կայքերը։ Հատկանշական է, որ yerkir.am-ն անգամ նշում է «արտագաղթի» 60 տոկոսով աճի մասին։

Մեկնածների թիվը չի արտացոլում երկիրը լքածների կամ արտագաղթողների թիվը

Բոլոր երեք հոդվածներում մեջբերվում է 2021-ի և 2022-ի առաջին կիսամյակների (հունվար-հունիս) Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններով մեկնածների և ժամանածների վիճակագրությունը։

Այդ վիճակագրությունը վերջերս հրապարակվել է Վիճակագրական կոմիտեի կողմից։ Համաձայն դրա, Հայաստանի երկու քաղաքացիական օդանավակայաններով մեկնած-ժամանածների վիճակագրությունը հետևյալն է։

Այսպիսով, օդային ճանապարհով Հայաստանից մեկնածների թիվը 2022-ի հունվար-հունիս ամիսներին 2021-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 56,7 տոկոսով՝ շուրջ 417 հազարից հասնելով գրեթե 654 հազարի։ Ժամանածների թիվն աճել է գրեթե 86 տոկոսով՝ 360 հազարից հասնելով գրեթե 669 հազարի։

Երեք լրատվականները անհասկանալի պատճառով խոսում են միայն մեկնածների թվի աճի մասին՝ նրանց ներկայացնելով որպես Հայաստանը լքած կամ արտագաղթած։ Նույն կերպ, ոչ բոլոր ժամանածներն են ներգաղթել Հայաստան։ Մեկնածների թվերի մեջ մտնում են ինչպես, այո, արտագաղթողները, այնպես էլ զբոսաշրջիկները, արտագնա աշխատանքի մեկնողները և այլ մարդիկ։

Ավանդաբար, արտագաղթի միտումներն արտացոլող ցուցանիշ է համարվում սահմանահատումների հաշվեկշիռը, որը ժամանածների և մեկնածների տարբերությունն է։ Այս տարվա հունվար-հունիս ամիսներին այն դրական է եղել՝ +16 500։ Նախորդ տարվա առաջին կիսամյակում գրանցվել էր խոշոր բացասական հաշվեկշիր՝ -52 700։

Արտագաղթի պատկերը արտացոլող ցուցանիշը միգրացիայի մնացորդն է։ Այն այս տարվա հունվար-հունիսին կազմել է -1 300, իսկ նախորդ տարվա առաջին կիսամյակին՝ +800 մարդ։

Մեկնաբանել