Ինչ է հուշում հրավառությունների կիրառման միջազգային փորձը

«Սուրմալու»-ի աղետից երեք օր անց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը հայտնեց, որ առևտրի կենտրոնի տարածքում, նախնական տվյալներով, 4 տոննա պայթուցիկ նյութ է եղել։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները ևս շտապեցին պայթյունը կապել հրավառ նյութերի, դրանց անօրինական պահման հետ և հիշեցրին ժամանակին առաջ քաշած նախաձեռնությունը՝ արգելելու հրավառությունները և ճայթուկների վաճառքը։ Իսկապես, 2020 թվականի հունվարի 1-ին, այդ ժամանակ Առողջապահության նախարար (ԱՆ) Արսեն Թորոսյանը մտահոգիչ վիճակագրություն հրապարակեց՝ տոնական 2 օրվա ընթացքում բժշկական կենտրոններ էին դիմել պայթուցիկներից/հրավառություններից տուժած 52 անձինք, 15%-ը՝ երեխաներ։ Ավելի վաղ ԱՆ-ն քննարկման էր ներկայացրել ճայթուկների վաճառքը արգելող նախագիծ։ Առաջարկվում էր տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունները իրականացնել բացառապես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատվերով։ Նախագծի մշակումը տրվել էր Էկոնոմիկայի նախարարությանը։ 2021 թվականի հունիսին գերատեսչությունն առաջարկեց պայթուցիկների, հրավառությունների վաճառքն արգելել մինչև 16 տարեկաններին, իսկ 3-5-րդ դասերի հրավառության սարքերի օգտագործումը դարձնել լիցենզավորման ենթակա։ Փաթեթը հասավ Ազգային ժողով, սակայն դրա ընդունումը հետաձգվեց։ Այժմ հետաձգման պատճառ է նշվում կորոնավիրուսային համաճարակը, սակայն տարեսկզբին Էկոնոմիկայի նախարարույթունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել էին, որ նախագիծը քննարկվել է տնտեսվարողների հետ, որոշվել է, որ «դրանից կտուժեն վաճառքով զբաղվողները»։

Տեղի ունեցած աղետից հետո այսօր կրկին խոսվում է միջազգային փորձի և գործող կարգը խստացնելու անհրաժեշտության մասին։ ՍիվիլՆեթի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հրավառ նյութերի կիրառումը մարտահրավեր է ամբողջ աշխարհում, սակայն դրա դեմ պայքարը շատ երկրներում վաղուց արդեն մեկնարկել է։ Ներկայացնենք միջազգային փորձի մի քանի օրինակ։

Չինաստան

Թեև Չինաստանը համարվում է հրատեխնիկայի (պիրոտեխնիկա) հայրենիքը և ապահովում է ԱՄՆ ներկրվող արտադրանքի 94%-ը, սակայն այնտեղ ճայթուցիկներն ու հրավառությունները արգելված են բազմաթիվ նահանգներում։ Նման որոշման գլխավոր պատճառներն էին հրավառությունների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ օդի աղտոտվածություն, հրդեհներ, պայթյուններ։ Արդեն 1980-ականների վերջերին երկրի խոշոր քաղաքներում տարեցտարի ավելանում էին հրավառության և ճայթուցիկների գործարկման հետևանքով պատճառված գույքային վնասի և մարմնական վնասվածքների դեպքերը։ 1987 և 1993 թվականներին Պեկինը սկսեց կիրառել կանոնակարգեր և անվտանգային սահմաանփակումներ՝ հրավառության և ճայթուկների վերաբերյալ: Այդ ժամանակից ի վեր արգելքների ալիքը տարածվեց 282 քաղաքներում՝ ներառյալ Շանհայը, Գուանչժոուն, Ուհանը, Սիանը։ Որոշ քաղաքներում, սակայն, որոնք բողոքում էին, թե իրենց սիրելի Գարնանային տոնը (չինական Ամանոր) անցնում է առանց «ամանորյա գույների», խախտեցին համընդհանուր կարգը և թույլատրեցին քաղաքացիներին սահմանափակ ժամանակ և սահմանափակ վայրում որակյալ հրավառություն և ճայթուկներ կիրառել՝ տոնական մթնոլորտը փոխելու համար։

Գործող սահմանափակումները սկսեցին դրական ազդեցություն ունենալ․ եթե 2003-ին ճայթուցիկների արտադրության ոլորտում գրանցվել էր 400 դժբախտ պատահար՝ մահվան 450 ելքով, ապա 2014-ին պատահարների թիվն արդեն 23 էր՝ 50 մահվան ելքով։

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ը, ինչպես նշվեց, հրատեխնիկայի ճնշող մեծամասնությունը ներկրում է։ Այստեղ ևս կան կիրառման արգելքներ, սակայն օրենքները նահանգից նահանգ տարբեր են։ Այսօր ԱՄՆ-ի 46 նահանգներում և Վաշինգտոնում սիրողական ճայթուցիկներն ու հրավառ նյութերը ազատորեն կարելի է գնել։ Օհայոն, Վերմոնտը և Իլինոյսը թույլ են տալիս գնել միայն բենգալյան կրակ և նորատիպ հրավառություններ, իսկ Մասաչուսեթսը ընդհանրապես չի թույլատրում հրավառությունների վաճառքը մասնավոր անձանց, նույնիսկ եթե դրանք օրինական ճանապարհով ձեռք են բերվել այլ նահանգում կամ երկրում: Այստեղ, ըստ Mass.gov-ի տվյալների, վերջին տասը տարում 944 հրդեհ և պայթյուն է եղել անօրինական հրավառության հետևանքով։ Նահանգում հրավառություններ կարող են իրականացնել միայն լիցենզավորված մասնագետները։

Սիրողական հրավառությունները, որոնք կարելի է ձեռք բերել նահանգների մեծամասնությունում, պետք է ունենան 50 միլիգրամից պակաս վառոդ, հրավառության ապահովիչները պետք է այրվեն 3-9 վայրկյան, որպեսզի չպայթեն վառողի դեմքին։ Ըստ նահանգների՝ տարբեր է նաև գնման թույլտվություն ունեցողների տարիքը․ Ալաբամայում և Արիզոնայում, օրինակ, 16 տարեկանից է թույլատրվում, Ալյասկայում և Ֆլորիդայում՝ 18, Միսուրիում՝ 14, բայց միայն ծնողների կամ խնամակալի ներկայությամբ։ Յուրաքանչյուր նահանգում կիրառման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Եվրոպա

Եվրոպական քաղաքները աստիճանաբար հրաժարվում են տոներին սիրողական հրավառություններ օգտագործելու պրակտիկայից։ Ամանորին հրավառություններն արգելել են Փարիզը, Բրյուսելն ու Պրահան։ Նրանց օրինակին են հետևում նաև գերմանական քաղաքները։

Գերմանիայում հրատեխնիկայի վերաբերյալ խիստ կարգավորումներ են գործում։ Շատ քաղաքներում դրանք առհասարակ արգելված են, մյուսներում քաղաքացիներին թույլատրվում է սիրողական հրավառություններ միայն դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը։ Օրինախախտներին սպառնում է մինչև 10 հազար եվրո տուգանք։ Իսկ տոնական պիրոտեխնիկան կարելի է ձեռք բերել մեծածախ վաճառքով ընդամենը տոնական մի քանի օրերի ընթացքում։ Չի կարելի ճայթուկներ կրակել հիվանդանոցների և ծերանոցների մոտ, ինչպես նաև բնության պահպանվող վայրերում: Առանձին քաղաքներում հրավառություններն արգելված են նաև պատմական կենտրոններում և հետիոտնային գոտիներում։ Արտերկրում ձեռք բերված ճայթուցիկներն առանց թույլտվության Գերմանիա բերելը պատժվում է տուգանքով՝ 50 հազար եվրո, իսկ հատուկ դեպքերում՝ մինչև մի քանի տարվա ազատազրկում։ Նման խստացումների պատճառն այն է, որ ժամանակին տարեկան հազարավոր մարդիկ այրվածքներով և ուղեղի ցնցումներով հայտնվում էին շտապօգնության բաժանմունքներում։

Ֆինլանդիայում հրավառության կարգը խստացվեց 2010 թվականից։ Խստացումներից ի վեր հրավառությունների և դրանց հետևանքով աչքի վնասվածքների թիվը կտրուկ նվազել է, զգալիորեն փոքրացել է նաև պայթուցիկ նյութերի ներկրման ծավալը։ Իսկ ի՞նչ խստացումներ էին դրանք։

Ֆիններն առաջին հերթին պարտադրեցին հրավառություններ իրականացնելիս պաշտպանիչ ակնոց կրել, արգելվեց վաճառքը 18-ից ցածրերին, տեղական փրկարարական ծառայությունները պետք է տեղեկացվեն հրավառության կիրառման մասին միջոցառումից առնվազն 5 օր առաջ: Փրկարար մարմինները կարող են արգելել հրավառության օգտագործումը կամ սահմանել որոշակի պայմաններ: Սիրողական հրավառությունները թույլատրվում է առանց նախազգուշացման կիրառել միայն դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ն ընկած հատվածում: Որոշ քաղաքներում առհասարակ արգելված է հրավառության օգտագործումը, որոշներում էլ արգելքը գործում է միայն քաղաքի կենտրոնական հատվածում։

Ռուսաստան

ՌԴ-ում պայթուցիկ նյութերի կիրառման կարգը սահմանվում է «Հրատեխնիկական բաղադրությունների և դրանք պարունակող արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգով: Այստեղ հրատեխնիկան ըստ վտանգավորության բաժանված է 5 դասերի։ Հանրությանը հասանելի պետք են լինեն I-III դասերի հրավառությունները, որոնց օգտագործումը չի ​​պահանջում հատուկ գիտելիքներ և հմտություններ։ IV և V դասի արտադրանքները համարվում են պրոֆեսիոնալ, դրանց կիրառությունը թույլատրվում է մասնագետներին։ Արգելվում է հրատեխնիկայի օգտագործումը փակ և մարդաշատ վայրերում, բնակելի շենքերի, հրդեհավտանգ օբյեկտների, երկաթուղու, նավթատարների, գազատարների և բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի մոտ։ Ուժեղ քամու դեպքում արգելվում է հրավառություն սկսել, քանի որ վտանգի գոտու չափը մեծանում է 3-4 անգամ։

Կենցաղային հրավառության մանրածախ առևտուրը թույլատրված է խանութներում, կրպակներում, սակայն արգելվում է դրանք պահել արևի ուղիղ ճառագայթների տակ և/կամ խոնավ վայրում։ Վաճառքի վայրերում պետք է լինեն հակահրդեհային համակարգեր։ 16-ից ցածրերին արգելվում է հրատեխնիկայի վաճառքը։ Այստեղ դրանք դասվում են պարտադիր հավաստագրման ենթակա ապրանքների շարքին: Ռուսաստանի Պետդուման, սակայն, մտածում է սահմանափակումների խստացման մասին։

Օֆելյա Սիմոնյան

Մեկնաբանել