Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան խարդախությամբ հափշտակել է 4,5 մլրդ դրամի 7 հողատարածք

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է 4,5 մլրդ դրամի շուկայական արժեքով համայնքային և պետական սեփականություն հանդիսացող 7 հողատարածքների հափշտակության դեպքեր։ Մեղադրանք է ներկայացվել 6 անձի, այդ թվում` Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյային։

«2007-2014-ին ընթացքում Գ. Մ.-ն, ՀՀ կադաստրի կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցնելով, մտերիմ հարաբերություններ է հաստատել նույն կառույցի այլ պաշտոնատար անձանց հետ: Այնուհետև վերջիններիս օգնությամբ Գ. Մ.-ն 2016-2017թթ.-ին Ա. Մ.-ի հետ նախնական համաձայնությամբ մտադրվել է դիտավորությամբ փաստերը խեղաթյուրելու միջոցով հափշտակել առանձնապես խոշոր չափերի համայնքային և պետական սեփականություն հանդիսացող շուրջ 80 հազ. քառակուսի մետր ընդհանուր մակերեսով հողատարածքներ»,- ասված է հաղորդագրությունում։

Մասնավորապես` հողամասերի կադաստրային գործերին կցելու և օգտագործելու նպատակով կազմվել են պետական, ինչպես նաև Երևանի սեփականություն հանդիսացող հողերի աճուրդային վաճառքի և վարձակալության իրավունքի մրցույթի արդյունքները հաստատելու մասին կեղծ փաստաթղթեր, այդ թվում` Երևանի քաղաքապետի կեղծ որոշումներ, հողամասի առուվաճառքի կեղծ պայմանագրեր և այլն։

«Այնուհետև` Կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման մատյանի արդեն իսկ լրացված էջերը փոխարինվել են կեղծ գրառումներ պարունակող էջերով, իսկ մյուս կեղծ փաստաթղթերը դարձվել են հափշտակության առարկա հանդիսացող հողամասերի կադաստրային գործերի փաստաթղթեր: Արդյունքում կատարվել է գրանցման ոչ ենթակա հողամասերի պետական գրանցում, և դրանց վերաբերյալ տրվել են անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման կեղծ վկայականներ, ինչն էլ ստեղծել է հափշտակված գույքը փաստացի տնօրինելու հնարավորություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Գ. Մ.-ին և Ա. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրանց օժանդակած ևս չորս անձի մեղադրանք է ներկայացվել։

Մեկնաբանել