ՊՆ-ն պարտադիր զինծառայության ժամկետը վճարի դիմաց կրճատելու նախագիծ է ներկայացրել

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է ներդնել շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ պետական բյուջե գումար վճարելու պայմանով։

«Կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսվել է աստիճանական և կանոնակարգված ձևով պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման օրենսդրական հիմքերի ստեղծում, որի շրջանակներում, հաշվի առնելով նաև մի շարք օտարերկրյա պետությունների փորձը, առաջարկվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության որոշակի ժամկետը և, դրանով պայմանավորված՝ զինծառայողի պատրաստության ուսումնական փուլը լրանալու դեպքում (միջինը՝ չորսուկես ամիս), զինծառայողի կողմից պետական բյուջե 24 մլն դրամ վճարելու պայմանով, զինծառայողին պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակելու հնարավորություն»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Նշված գումարի չափը նախատեսվել է այն տրամաբանությամբ, որ մեկ պարտադիր զինծառայողի փոխարեն հինգ տարի ժամկետով հնարավորություն է ընձեռվելու պայմանագրային զինծառայողին հաշվարկել մինչև 400 000 դրամ ամսական վարձատրություն, ինչը, ըստ ՊՆ-ի՝ արհեստավարժ զինվորական ծառայության համակարգ ներդնելու մոտիվացիոն կարևորագույն բաղադրիչ է:

Նախագծում ասվում է, որ 2017-ին ներդրված «Ես եմ» ծրագիրը չբավարարեց համապատասխան ծառայություն անցնելու ցանկություն հայտնողների ակնկալվող քանակները։ Աստիճանաբար նվազել է «Ես եմ» ծրագրով ծառայության անցնողների թիվը, իսկ 2021-2022-ի զորակոչերի ընթացքում չի արձանագրվել ոչ մի դիմում: ՊՆ-ն հայտնում է, որ 44-օրյա պատերազմից հետո բավական թվով զինծառայողներ վաղաժամկետ հրաժարվել են ծրագրից և շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը լրացած լինելու հիմքով արձակվել են զինվորական ծառայությունից: Ներկայում ծրագրով զինվորական ծառայությունը շարունակում է ընդամենը երեք զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023-ի հունվարին։

Երկու տարվա պարտադիր զինվորական ծառայության փոխարեն «Ես եմ» ծրագրով նախատեսված է 36-ամսյա ժամկետով ծառայություն՝ նախարարության հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու միջոցով: Համակարգը նախատեսում է շարքային կազմի մյուս պարտադիր զինծառայողների համեմատ ավելի մեծ չափով ամսական դրամական բավարարման հաշվարկում (35 000 – 45 000 դրամի չափով), ամսական յոթ օրացուցային օր ժամկետով արձակուրդի տրամադրում և ծառայության ժամկետի ավարտով կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքերում պատվովճարի հատկացում՝ 5 մլն դրամ չափով։

«Այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել ներդնել նոր ծրագիր, այս անգամ՝ շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման միջոցով («Հայրենյաց պաշտպան» ծրագիր), որի ժամկետը նախատեսվում է հինգ տարի, ինչպես նաև կնքած պայմանագրի ժամկետի ավարտից հետո, անկախ զինծառայությունից արձակվելու կամ ծառայությունը շարունակելու ցանկությունից, կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում այդ զինծառայողներին կհաշվարկվի պատվովճար՝ 5 մլն դրամ չափով, որը զինծառայողը (կամ քաղաքացին) տնօրինելու է իր հայեցողությամբ»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Մեկնաբանել