Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են տեղեկատվական դաշտում համագործակցությունը

Օգոստոսի 24-ին վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։

ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը և դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարևորել են տեղեկատվական դաշտում համագործակցությունը՝ հատկապես երկկողմ հարաբերություններին վերաբերող ապատեղեկատվության դեմ պայքարի հարցերում։

«Գոռ Ծառուկյանը հանդիպման սկզբում նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և մեզ համար շատ կարևոր է ունենալ ամուր գործընկերային կապեր Ռուսաստանի գերատեսչությունների, տարբեր ներկայացուցչությունների հետ։ Դեսպանն իր ողջույնի խոսքում ընդգծել է Կենտրոնի հետ համագործակցության պատրաստակամությունը հայ-ռուսական հարաբերությունների շարունակական զարգացման և ամրապնդման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։

***

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը օգոստոսի 17-ին բողոքի նոտա էր հղել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ հայաստանյան «տեղեկատվական դաշտում արծարծվող ցինիկ նյութերից հետո, որոնցում անարգական և կեղծ մեղադրանքներ են հնչել ռուսական կառույցների հասցեին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության հետ առնչություն ունենալու համար»:

Մեկնաբանել