Պետությունը հրաժարվում է փոխհատուցել «Սուրմալու»-ի տուժած տնտեսվարողներին՝ առանց մեղավորներին բացահայտելու

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից առաջ, ըստ ՊԵԿ-ի տրամադրած տվյալների, առևտրային գործունեություն էր ծավալում առնվազն 453 տնտեսվարող սուբյեկտ։ Սրանք այն բիզնեսներն են, որոնց ՀԴՄ-ի օգտագործման վայրը 2022թ․ ապրիլ-հունիսին ֆիքսվել է տոնավաճառի հասցեն՝ Արշակունյաց 15-ը։

«Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատերը «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ն է, որը խոշոր հարկատուների ցուցակում 288-րդն է։ ՊԵԿ-ը տնտեսվարողներին նույնականացնում է ընկերության կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով: Ըստ Կադաստրի կոմիտեի տվյալների՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում ընդամենը 19 վարձակալ կա: 2021թ. առաջին կիսամյակում «Սուրմալուի» սեփականատիրոջ կատարած մուտքերը կազմել են 344,3 մլն դրամ, իսկ 2022թ. նույն ժամանակաշրջանում՝ 421,6 մլն դրամ, այսինքն եկամուտները աճել են ավելի քան 22 տոկոսով։

Առևտրի կենտրոնում տնտեսվարողների հիմնական մասը զբաղվում էր մանրածախ և մեծածախ առևտրով։ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալներով՝ «Սուրմալու»-ում հաշվառված ՀԴՄ-ների ֆիսկալ հասույթը 2022թ․ առաջին կիսամյակում կազմել է 13 միլիարդ 708 միլիոն 21 հազար դրամ։ Դժվար է ասել, որ սա արտացոլում է առևտրի կենտրոնի իրական շրջանառությունը, քանի որ ՀԴՄ-ները միշտ չէ, որ տպվում են, բացի դրանից, կան շրջիկ առևտրականներ կամ կրպակներ, որոնց համար դրամարկղային մեքենա ունենալը պարտադիր չէ։

Պայթյունի առնչությամբ այժմ ընթանում է քննություն։ Օգոստոսի 19-ի դրությամբ տուժող էր ճանաչվել 63 անձ։ Այսօր դատախազությունը ՍիվիլՆեթին փոխանցեց, որ հարցաքննվել է 70 անձ, որոնց թվում նաև՝ կենտրոնի տնօրենն ու փոխտնօրենը։ Մեղադրյալներ դեռ չկան։ Տարածքի վնասված մեքենաները տեղափոխվել են հատուկ պահպանման տարածք՝ ապրանքագիտական փորձաքննությամբ վնասի չափը պարզելու նպատակով։

Ով է փոխհատուցելու տնտեսվարողների վնասը

Կառավարությունը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, օգոստոսի 24-ին հայտարարեց, որ չի պատրաստվում փոխհատուցում տրամադրել «Սուրմալու»-ի պայթյունից տուժած տնտեսավարողներին։ Նրա խոսքով՝ տոնավաճառում աշխատող գործարարները չէին ապահովագրել իրենց գույքը, իսկ կառավարությունը չի կարող իր վրա գործառույթ վերցնել և փոխհատուցել այն ծախսը, որն ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցեր։

«Մենք կարծում ենք, որ Հայաստանի բիզնեսները և ընկերությունները պետք է սովորեն ապրել բարձր ստանդարտներով, և այնտեղ, որտեղ պետք է ապահովագրել իրենց շրջանառու միջոցները, իրենց անշարժ գույքը, նրանք պետք է դա անեն և չակնկալեն, որ իրենց բացթողումը կառավարությունը պետք է լրացնի»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Քերոբյանը՝ հավելեով, որ այդտեղ կառավարությունը անելիք չունի։ Հիշեցնենք, որ անցած տարվա ապրիլին նույն տոնավաճառում տեղի ունեցած հրդեհից տուժածներին էլ կառավարությունը փոհատուցում չէր տրամադրել։

Ի տարբերություն տնտեսվարողների՝ պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին և ֆիզիկապես տուժած անձանց համար պետական աջակցության ծրագիր իրականացնելու ուղղությամբ դեռևս քննարկումներ ընթանում են։ Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

«Նախարարությունում այս պահին կան քննարկումներ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին և ֆիզիկապես տուժած անձանց համար պետական աջակցության ծրագիր իրականացնելու ուղղությամբ»,- նշել էր մամուլի խոսնակը։

Պետության բաժին մեղքը

Քննությունը դեռ ընթանում է, սակայն կառավարությունը հայտարարում է, թե մեղքն իրենը չէ, փոխհատուցելու պարտավարություն չունի։

2021-ի մարտին Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Սուրմալու»-ում 16 խախտում էր արձանագրել, 50 000 դրամի տուգանել ու տվել կարգադրագիր՝ մինչև տարեվերջ վերացնելու խախտումները։ Դրանից 1,5 տարի անց Տեսչական մարմինը չէր գնացել վերստուգման։ 4 տոննա պայթուցիկ նյութը, որի մասին հայտնի դարձավ աղետից հետո միայն, տեսուչը չէր արձանագրել։ Հայտնի չէ՝ չէ՞ր նկատել, անտեսե՞լ էր, թե՞ նյութերը պարզապես այցելությունից հետո են բերվել տարածք։ Քննությունը պետք է պարզի՝ որքանո՞վ է դեպքն առնչվում տեսչական վերահսկողություն իրականացնող իրավասու մարմինների հնարավոր ոչ իրավաչափ վարչարարությանը։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 95-րդ հոդվածը փաստում է՝ վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման։ Ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասի համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը։ Վնասի հատուցումը կատարվում է պետական կամ համայնքային բյուջեից։

Հայտնի չէ, թե ինչո՞ւ է կառավարությունը նախքան քննության ավարտը որոշել, որ տեսչական մարմինը մեղավոր չէ։ Ըստ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանի՝ պետությունն այս պարագայում գլխավոր մեղավորներից է․

«Բարեխիղճ պետությունը պետք է ընդուներ, որ իր ընդհանուր համակարգի բացթողման արդյունքում է տեղի ունեցել այս կամ այն խնդիրը։ Այն պահից, երբ տեսուչը մտավ այդտեղ, արձանագրեց խախտումը, այլևս դրա պատասխանատուն պետական մարմինն է։ Եթե չմտներ, էլի բացթողում կլիներ, որ չի գնացել, չի տեսել, բայց եթե գնացել ու տեսել ես, որ կա պրոբլեմ, տվել ես պրոբլեմները վերացնելու կարգադրագիր, հստակ ժամկետ հետո չես գնացել հասկանալու՝ խնդիրները վերացված են, թե՝ ոչ, ուրեմն դու ունես համակարգի խնդիր․ պետությունը ունի մեղավորություն»,- ասում է մասնագետը։

Պիպոյանը չի արդարացնում տնտեսվարող սուբյեկտին, ավելին, վստահ է՝ նրանք մեղավոր են, բայց պետության մեղավորությունն այստեղ ոչ պակաս է։ Ըստ նրա՝ ողբերգական այս դեպքի հետ առնչություն ունեցողները՝ սկսած տուժածներից ու նրանց հարազատներից մինչև տնտեսվարողներն ու կամավորները, պետք է զգային, որ իրենց կողքին կա պետություն։

Օֆելյա Սիմոնյան

Մեկնաբանել