«Սուրմալու»-ի պայթյունից զոհվածների ընտանիքներին կտրվի 3 մլն դրամ, վիրավորներին՝ 150-300 հազար դրամ

Նախատեսվում է սոցիալական աջակցություն տրամադրել օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։

Ըստ նախագծի՝ զոհված անձանց ընտանիքների դեպքում՝ յուրաքանչյուր զոհվածի համար կտրվի 3 մլն դրամի չափով աջակցություն, իսկ զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների անդամների վերաբերյալ ճշգրտված տեղեկատվության բացակայության դեպքում՝ 1 մլն դրամի չափով։

Վիրավորում ստացած և հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց կտրվի 150 000 դրամի չափով աջակցություն, երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց՝ 300 000 դրամի չափով։

***

Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել էր եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։

Պայթյունի հետևանքով զոհվել է 16 քաղաքացի, բոլորի ինքնությունը պարզվել է։ Անհետ կորած համարվող մեկ քաղաքացու մարմինը կամ նրա մասունքները չեն հայտնաբերվել։

Երևանի բժշկական կենտրոններ է դիմել 63 քաղաքացի, որոնցից 1-ը օգոստոսի 29-ի դրությամբ դեռևս շարունակում էր բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։

Մեկնաբանել