Բժշկական խորհրդատվություն, բուժական մարզանքներ և ստուգումներ՝ տարեցների խնամքի կենտրոնում

Գեղեցիկ Ոսկանյան

Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի այցելու 80-ամյա Սվետլանա Մաղաքյանը վստահ է՝ բոլորը պետք է հետևեն իրենց առողջությանը՝ հատկապես մեծահասակները:

Տիկին Սվետլանան պատմում է՝ վերջին անգամ բժշկի խորհրդատվության դիմել է երկու ամիս առաջ՝ հունիսին. ստուգել են սիրտը, զարկերակային ճնշումը, հանձնել է անալիզներ: Ճիշտ ժամանակին բժշկական խորհրդատվություն ստանալու արդյունքում ամեն բան հարթվել է:

«Տարեցների առողջության և խնամքի կենտրոնում ունենք բժիշկ, նա էլ պարբերաբար ստուգումներ է իրականացնում: Այստեղ նաև բուժական մարզանքներ ենք անում՝ գլխուղեղի մարզանք կամ ոտքերի, ձեռքերի, պարանոցի նեյրոբիկա, ինչը շատ օգտակար է մեզ համար: Այստեղ մեր առողջությանը մեծ ուշադրություն են դարձնում»,- ասում է նա:

Տիկին Մաղաքյանի խոսքով՝ ինքն ամեն տարի գրիպի դեմ պատվաստվում է, որը իր ու շրջապատի առողջության պահպանման համար կարևոր քայլ է համարում:

«Երբ ի հայտ եկավ կորոնավիրուսը, պատվաստվեցի նաև այդ հիվանդության դեմ: Ստացել եմ արդեն երեք դեղաչափ, նախատեսում եմ ստանալ չորրորդը»,- ասում է Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի այցելուն:

Տիկին Սվետլանան կարևոր է համարում «Պատվաստումը հոգատարություն է» արշավը և դրա շրջանակում կենտրոն այցելած բժիշկների խորհրդատվությունը․ «Նման ծրագրերը մեզ շատ են անհրաժեշտ. այցերը տեղեկատվական են և օգնում են գնահատել առողջության պահպանումը»:

Կենտրոնի շահառուներն այցի ընթացքում պատվաստվել և ստացել են բժշկական խորհրդատվություն, օգտվել են այլ կարևոր առողջապահական ծառայություններից, այդ թվում՝ սակավարյունության և շաքարային դիաբետի սքրինինգային ծառայություններից։

«Ցանկության դեպքում մեզնից յուրաքանչյուրը հետազոտվելու հնարավորություն ուներ։ Ես հնարավորություն ստացա իմանալ արյանս մեջ գլյուկոզայի մակարդակը, չափեցին ճնշումս: Այցի շրջանակներում ցանկացողները կարող էին նաև պատվաստվել, սակայն ինձ չպատվաստեցին՝ վերջերս պատվաստանյութ ստանալու պատճառով: Տղաս ու իր կինը նույնպես պատվաստված են: Ավելի մեծ տարիքում օրգանիզմի դիմադրողականությունը զգալիորեն նվազում է, ուստի պատրաստվում եմ ձեռնարկել ամեն հնարավոր բան վարակից խուսափելու համար: Ես գիտակցում եմ, որ այս ամենը կարևոր է ոչ միայն իմ, այլ նաև ինձ շրջապատող մարդկանց համար»,- նշում է Սվետլանա Մաղաքյանը:

«Պատվաստումը հոգատարություն է» արշավն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համագործակցությամբ:

Մեկնաբանել