Ակնկալում ենք, որ ՀԱՊԿ-ը Հայաստանին բավարար ռազմական օգնություն կտրամադրի․ Արմեն Գրիգորյան

ՀԱՊԿ Ղազախստան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Լուրերի» հետ զրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ նշել է, որ Ադրբեջանը որևէ ձև տրամադրված չէ մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացին։

«Մեր միջազգային բոլոր գործընկերները ներգրավված են, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հաստատվի։ Գիտեք, որ ԱՄՆ և ՌԴ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էին Հայաստանում և Բաքվում։ Միջազգային ներգրավվածություն կա Բրյուսելում։ Կան նաև պայմանավորվածություններ, որպեսզի խաղաղության բանակցություններ սկսենք արտգործնախարարների մակարդակով, և մեր ԱԳՆ-ն դրան էր պատրաստվում։ Հայաստանը պատրաստվում էր մեկ ամսվա ընթացքում կազմակերպել այդ հանդիպումը,և մեր բոլոր գործընկերների հետ հենց դա էինք քննարկում։ Այդ հանդիպումը կազմակերպելու փոխարեն Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա է կազմակերպում ՀՀ նկատմամբ»։

Գրիգորյանի խոսքով՝ Ադրբեջանը ուզում է տորպեդահարել խաղաղության գործընթացը, դուրս գալ բոլոր պայմանավորվածություններից, որոնք գոյություն են ունեցել, որովհետև վերջին երկու տարվա ընթացքում եղել են պայմանավորվածություններ, որոնք հրապարակային են եղել, օրինակ՝ տարածաշրջանի ապաշրջափակումը, դելիմիտացիա- դեմարկացիա․ «Այդ պայմանավորվածությունները կատարելու փոխարեն Ադրբեջանը ագրեսիա է սկսում և ամբողջովին տորպեդահարում գոյություն ունեցող բոլոր գործընթացները։ Ռազմի դաշտում նա ուզում է ներխուժել ՀՀ սուվերեն տարածք և գրավել ՀՀ տարածքը։ Ռազմական առումով, կարծում եմ, ՊՆ-ն կարող է հստակ ասել, թե որն է Ադրբեջանի նպատակը։ Բայց այս պահին էլ ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանը չի թաքցնում իր նկրտումները»։

Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանի ակնկալիքը ՀԱՊԿ-ից այն է, որ այդ կառույցը Հայաստանին բավարար ռազմական օգնություն տրամադրի, որպեսզի Ադրբեջանի զորքերը դուրս բերվեն ՀՀ տարածքից․ «Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե արդյոք ՀՀ և Ադրբեջանի միջև սահման կա, թե ոչ՝ բնականաբար կա սահման և դա հստակ է։ Կարծում եմ, որ մեր գործընկերները պետք է տեղյակ լինեն, որ իրենց երկրի մայրաքաղաք Ալմաթայում կնքված պայմանագրով Խորհրդային Միության երկրները ճանաչել են իրենց երկրների սահմանները։ Ադրբեջանը ռմբակոծում է նաև համայնքները, և դա չտեսնելը նշանակում է ունենալ տեսողության խնդիրներ»։

Մեկնաբանել